Տաթևիկ Սողոյան. Համոզմունքներիս հետ անհամատեղելի եմ համարում վարչապետի աշխատակազմում հետագա աշխատանքս

Պաշտոնական 13.11.2020   20:46   330

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՐՈՆ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ

ԴԻՄՈՒՄ

Հարգելի պարոն Աղաջանյան,
Պատերազմի 44 օրերին ՀՀ վարչապետի աշխատակազմի էլէկտրոնային փաստաթղթաշարժի համակարգից ստացել եմ 3 շրջաբերական՝ ամեն օր 9:00-21:00-ն աշխատավայրում լինելու, ճաշարանի և ծառայողական ավտոբուսների աշխատանքի վերաբերյալ։ Պաշտոնապես ստացել և կատարել եմ 3 աշխատանք՝ հասարակական զուգարաններում վերահսկողություն իրականացնելու, պետական մարմնի վարչական շենքում ընթացիկ նորոգում իրականացնելու և ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի հանձնաժողովի նիստին մասնակցելու վերաբերյալ։ Ուրիշ ոչ մի հանձնարարություն չեմ ստացել և չեմ կատարել։

Գիտակցելով վարչապետի աշխատակազմում իմ գտնվելու անպատեհությունը, ինչպես նաև ականատես լինելով ՀՀ վարչապետի դիվանագիտական պարտությանը, այդ պարտությունը և սեփական պաշտոնավարման անպատեհությունը չընդունելու համառությանը, որի արդյունքում վտանգվում է մեր Հայրենիքի և մեր ապագան՝ համոզմունքներիս հետ անհամատեղելի եմ համարում վարչապետի աշխատակազմում հետագա աշխատանքս և խնդրում եմ ազատել ինձ իմ զբաղեցրած պաշտոնից։

ՏՄԱՀԳ Կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության խորհրդական
Տաթևիկ Սողոյան


Նշենք որ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտնել է խմբակցությունից դուրս գալու որոշման մասին:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ինքը մամուլից է տեղեկացել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության մասին Արցախի վերաբերյալ: Ապա շեշտել է.

«Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ' հայտարարում եմ.

1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։

2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում»:

Վարդան Աթաբեկյանի հայրը՝ Նելսոն Աթաբեկյանն ազատամարտիկ է եղել։ Նա արցախյան առաջին պատերազմում զոհվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հրաժարական, կառավարություն, Տաթևիկ Սողոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon