«Թե՛ Վարդանյանի հանձնախումբը, թե՛ «Վերնատունը» 20 տարվա մեծ թալանի մեղսագործների պաշտպանության հավաքներ են»

Կարևոր 18.12.2019   20:00   1019

«Թալանված փողերի արագ եւ արդյունավետ վերադարձի համար Հայաստանում անհրաժեշտ է ներմուծել մեղավորության շուրջ համաձայնության (plea bargaining) իրավական ինստիտուտը». Լևոն Զուրաբյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով սոցապ նախկին նախարար, ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանի նախաձեռնած Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հանձնախմբին և Վարդանյանի հայտարարությանը, թե 60 հազար մարդ պահանջում է ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին՝ ասաց.

 «Թե՛ հանձնախումբը, թե՛ «Վերնատունը» 20 տարվա մեծ թալանի մեղսագործների իրավունքների պաշտպանության հավաքներ են։ Բնական է, որ այդ մեծ թալանի մեղսակիցները միավորվում են և փորձում են կոլեկտիվ պաշտպանել իրենց իրավունքները և պաշտպանվել քրեական հետապնդումից։ Դա իրենց իրավունքն է»:

Զուրաբյանի խոսքով՝ 60 հազար մարդ գոնե դատարանի շուրջ չենք տեսել:

«Փոխարենը տեսել եմ հազարավոր մարդկանց, որոնք հակառակն էին պահանջում, որ Ռոբերտ Քոչարյանն օրենքի առաջ պատասխան տա: Այնպես որ՝ չգիտեմ՝ 60 հազար հանցագործի որտեղ են ճարելու»,- ասաց նա:

Նախկին իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ Արցախի հարցով բանակցությունները տապալվել են, Հայաստանին առաջարկվել է միակողմանի զիջումների ծրագիր։ Հարցին, թե սրա համար հիմքեր կարո՞ղ են լինել, և նախկին իշխանության ներկայացուցիչներն ի՞նչ հարց են լուծում այդպիսի հայտարարություններով, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց.

«Դա ուղղակի դեմագոգիա է, ստախոսություն։ Իրենք մո՞մ են բռնել այնտեղ, գիտե՞ն, թե բանակցությունների ժամանակ ինչ-որ պարտավորություն է ստանձնել հայկական կողմը նվաստացուցիչ զիջումների վերաբերյալ։ Անամոթաբար ստում են, որևէ լուրջ բան տեղի չի ունեցել բանակցություններում։ Հայաստանն ինքը իր նախաձեռնությամբ ոչ մի բան չի առաջարկել, ինչը մենք համարում ենք քննադատելի պահվածք, որովհետև եթե դու բանակցության մեջ ես, պետք է ներկայացնես լուծման մասին քո պատկերացումները և կռիվ տաս քո պատկերացումների իրականացման համար»։ 

Ուստի նախկինների պնդումներն Արցախի հարցով, ըստ Զուրաբյանի,  «բացարձակ դատարկ, ստախոս պրոպագանդա են, որոնք որևէ հիմնավորում չունեն».

 «Ժողովուրդը գիտի, որ իրենցից եկող տեղեկությունը լուրջ ընդունել չի կարելի։ Անհանգստանալու պատճառն այն է, որ պատերազմի վտանգը չի հեռացել և ամեն օր ավելանում է»։ 

Նախկինները նաև խոսում են արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։ ՀՀԿ-ակաները պնդում են, թե Փաշինյանի իշխանությանը միայն արտահերթ ընտրությունները կփրկեն երկիրը Արցախի հարցով ձախողման տանելուց։ 

«Նախկինների արտահերթ ընտրությունների պահանջը իրենց համար միակ ելքն է՝ քրեական գործերից և պատժից խուսափելու համար: Նրանք կուզեին, որ ստեղծվեր մի խառը քաղաքական իրավիճակ, որ իրենք փորձեին զբաղվել քաղաքական գործունեությամբ»,- նշեց Զուրաբյանը՝ հավելելով, որ արտահերթ ընտրությունների կարիք առայժմ չի տեսնում:

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարություն հաստատված չէ.

«Ունենք միոտանի ժողովրդավարություն։ Քաղաքական համակարգը չի կարելի համարել հասունացած և չունենք այսօր լուրջ, կազմակերպված ընդդիմություն, որը ոչ թե գալիս է թալանի հնարավորությունը վերականգնելու դիրքերից, այլ հանդես է գալիս որպես դեմոկրատական քաղաքական ուժ և կկարողանա լուրջ քննադատության ենթարկել այս իշխանություններին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀԱԿ, Լևոն Զուրաբյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon