Տիգրան Պասկևիչյան․ Հիմա ոչ թե սոսկ լրջանալու, այլ սեփական իմունիտետը գտնելու պահն է

Խոսք 29.05.2021   20:00   422

Հայ Ազգային Կոնգրեսի պատգամավորի թեկնածու Տիգրան Պասկևիչյանը գրում է.

Նիկոլ Փաշինյանը մեր պետության իմունիտետը զրոյացրել է։ Երկրի ինքնիշխան տարածքում հակառակորդի զինուժի ներկայությունը հանդուրժելը, հայրենի հողում սեփական զինվորներ գերի հանձնելը, ռազմագերիներին ու պատանդներին տուն չդարձնելը, օտարներից դիտորդություն ու ռազմական օգնություն աղերսելն այլեւս դարձել են պետական քաղաքականություն։ 
Պարտությունն ընդամենը իրերի դրության արձանագրում է, բայց երբ վերաճում է գոյավիճակի, պարտվողը դանդաղ ու հետեւողականորեն վերանում է։ Սա հասկացողը կհասկանա, որ Նիկոլի եւ նրա թիմի հետ գնալու ճանապարհ չկա։ 

Ի՞նչ անել։ Գուցե նայել շուրջը եւ տեսնել ուրիշնե՞րն ինչպես են լուծել պարտությունը գոյավիճակ չդարձնելու խնդիրը։

Հարեւան Վրաստանում, երբ քաղաքացիական պատերազմ բռնկվեց եւ ընդամենը ամիսներ առաջ ձայների ահռելի քանակով ընտրված նախագահ Զվիադ Գամսախուրդիան լքեց երկիրը, վրացիները գնացին առաջին հերթին հրդեհը մարելու բնական ճանապարհով ու Մոսկվայից հրավիրեցին ղեկավարման (թեեւ սովետական, նոմենկլատուրային) մեծ փորձ ունեցող Էդուարդ Շեւարդնաձեին։ 
Շեւարդնաձեն վրաց պետության իմունիտետն էր։ Նա ինչ-ինչ հարցեր լուծեց, շատ հարցեր չկարողացավ կամ չցանկացավ լուծել, բայց Վրաստանը մնաց, չվերացավ։ 
Վրացի արձակագիր Լաշա Բուգաձեն անցած տարի ինձ տված հարցազրույցում ասում էր. «Դա այն Շեւարդնաձեն էր, որի հեռանալուց հետո [1985] Վրաստանը թեթեւացած շունչ էր քաշել»։
Այդ պահին նրանից բացի չկար մեկը, որը կհավաքեր ու կսոսնձեր պետականության փշուրները։ Վրաստանը մնաց ու սպասեց երիտասարդ բարեփոխիչների նոր սերնդին։

Հարեւան Ադրբեջանը ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչ Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության շրջանում ոչ միայն Լեռնային Ղարաբաղը չկարողացավ հետ ստանալ, այլեւ կորցրեց սեփական տարածքներ։ Ադրբեջանցիները գնացին առաջին հերթին հրդեհը մարելու բնական ճանապարհով ու Նախիջեւանից հրավիրեցին ղեկավարման (թեեւ սովետական, նոմենկլատուրային) մեծ փորձ ունեցող Հեյդար Ալիեւին։ 
Ալիեւը ադրբեջանական պետության իմունիտետն էր եւ թույլ չտվեց, որ պարտությունը վերածվի գոյավիճակի։ 

Հիմա մենք ունենք ղեկավարման մեծ փորձ, ճգնաժամային կառավարման ակնհայտ հմտություններ ունեցող, բանակցելու գործում վարժ Լեւոն Տեր-Պետրոսյան, եւ փոխարենը նրան հանձնելու, այո՛, հանձնելու (արտահեերթ ընտրություններն իրականում ձեւական միջոցառում պիտի լինեին) երկրի կառավարումը, քննարկում ու քննարկում ենք՝ այս բանն ինչո՞ւ ասաց, այն բանն ինչի՞ այսպես ձեւակերպեց ու նման մանրուքներ։
Ուրեմն՝ հիմա ոչ թե սոսկ լրջանալու, այլ սեփական իմունիտետը գտնելու պահն է։ Նիկոլ Փաշինյանին տրվելիք յուրաքանչյուր քվե պարտությունն իբրեւ գոյավիճակ ընդունելու պատրաստակամության հայտ է։

Տիգրան Պասկևիչյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Տիգրան Պասկևիչյան, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon