«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. Դուք մերը չէիք

Վարդան Հարությունյան. Դուք մերը չէիք

aliqmedia.am. «Դուք մերը չէիք, օտար էիք։ Հիմա սա պարզ է արդեն ու միանշանակ։ Սխալմամբ ենք ձեզ որպես մեր հեքիաթի հերոս ընդունել ու մեր ցանկալի որակներով օժտել։ Իզուր ենք հուսադրվել ու ոգեւորվել ձեզանով։

Դուք թագավորի երեք որդիներից ամենաապաշնորհը եղաք։ Պահանջվող փորձություններից ոչ մեկը հաղթահարել չկարողացաք։ Առաջին երկու փորձությունը՝ ջուրն ու կրակը, ձեր փոխարեն անցանք մենք՝ տանելով ձեզ մեր վեր պարզած ձեռքերի վրա ու մեր ուսերին դրած։ Կամուրջ դարձանք, որ դուք անխոչընդոտ ու հանգիստ իշխանական պալատներ մտնեք։

Վերջին՝ երրորդ՝ ծնծղաների (իշխանության) փորձությունը, որ ամենավճռականն է, դուք եւ միայն դուք պետք է անցնեիք։ Այստեղ մենք հենարան ու օգնական լինել չէինք կարող։ Եվ դուք տապալվեցիք ու տապալեցիք։

Հաջողության ուղեկից փառքին չդիմացաք։ Փակեցիք ձեր աչքերն ու ծնծղաների՝ ձեզ փառաբանող ձայնին ու ծափահարությունների բերկրանքին տրվեցիք։ Ներշնչեցիք ձեզ, թե ի սկզբանե եւ ի վերուստ դրան եք եղել արժան։ Կտրվեցիք իրականությունից։ Ձեզ պալատներ տարած ձեռքերն ու ուսերը մոռացաք։ Ձեզ համար ճանապարհ հարթած տարիների պայքարն ու զոհաբերումներն ուրացաք։ Մոռացաք ու մերժեցիք։ Չեղաք աջակից ու չեղաք օգնող։ Կարեկից ու հոգատար չեղաք։ Դրժեցիք տված բոլոր խոստումները։ Չդրսեւորեցիք ձեզ մարտադաշտում։ Քաջության ոչ մի օրինակ ցույց չտվեցիք։ Չեղաք հպարտ, չեղաք քաջ։ Արժանապատիվ չեղաք։ Պարզվեց՝ ապաշնորհներ, ամբարտավաններ եւ անպատկերացնելի ստախոսներ եք։

Մենք բազմազան էինք, բազմակարծիք ու բազմանպատակ։ Մտածում էինք՝ ձեր միջոցով կհարթենք մեր ընթացքը խոչընդոտող արգելքները։ Բայց անհաղորդ եղաք դուք մեր ծրագրերին։ Դուք խժռեցիք մեր հաղթանակի պտուղները։ Ձեր արկածախնդիր ու անպատասխանատու վարքով պարտության տարաք՝ նվաստ ու անարժանապատիվ դարձրիք մեր երկիրը։ Ծնկի բերեցիք։ Ջարդեցիք մեր ողնաշարը։ Խորտակեցիք դուք մեր հույսերը։ Մեր ամենանվիրական երազանքներն ի չիք դարձրիք։ Ձեր ուրացությամբ, ձեր անկրթությամբ, ձեր ամբարտավանությամբ փոշիացրիք տարիների մեր ձեռքբերումները։

Մեզանից ոմանք տարված-հիացած էին ձեզանով, ոմանք, հիացած չլինելով, այնուամենայնիվ, հույսեր էին կապում ձեզ հետ։ Ձեզ լավ ճանաչող քչերի ձայնը, որ զգուշացնում էին, թե պատուհաս եք դառնալու, խլանում էր մեր աղմուկի մեջ։

Մի երկար շրջան կերակրում էինք մեզ հույսով, թե ուշքի կգաք, կլծվեք խոստացած ծրագրերի իրականացմանը։ Ապարդյուն։ Ձեր նպատակը իշխանական պալատներ մտնելն էր միայն։ Այլ նպատակ, փաստորեն, չեք էլ ունեցել։

Միամի՞տ ենք եղել։ Գուցե։ Բայց մենք մեզ չենք կեղծել։ Մենք եղել ու մնում ենք 2018-ի ապրիլ-մայիսի շարժման տերը։ Մենք մերժում էինք հներին։ Նրանք մեզ այլ ճանապարհ չէին թողել։ Ոգեւորված էինք։ Իսկ դուք, խաբեբայի ճարպկությամբ ոգեւորության ալիքին հեծած, որպես մեր ծրագրերի ու ցանկությունների արտահայտիչ էիք ներկայանում ու խոստումներ շռայլում։ Ինչպես փողոցում խարդախի միամիտ զոհը մեղավոր չէ, որ խաբվել է, այնպես էլ մենք մեղավոր չենք, որ ոգեւորության պահին հավատացել ու վստահել ենք ձեզ։

Մեր այսօրվա դառնությունը միայն պատերազմի ու պարտության պատճառով չէ։ Մինչեւ պատերազմ ու այս կործանարար պարտություն դուք արդեն ի ցույց էիք դրել ձեր մերժելի որակները։ Մենք հասցրել էինք ճանաչել ու տեղավորել ձեզ մերժվածների մեր ցուցակում։ Հետպատերազմյան ձեր վարքն, ուղղակի, դրեց բացակայող շեշտերն ու պահանջվող վերջակետերը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան

aliqmedia.am