«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. Հեղափոխության պարտությունը

Վարդան Հարությունյան. Հեղափոխության պարտությունը

aliqmedia. «Ընտրություններն արձանագրեցին իշխանությունների հաղթանակը։ Այդ հաղթանակն ապահովվեց ոչ թե Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացու կամքով, այլ մոլորված ընտրողի ձայնի հաշվին։

Նախընտրական փուլում ընտրողին ներշնչվում էր, թե պայքարը նախկին «գող, ավազակ, թալանչի» եւ ներկա «ազնիվ ու հեղափոխական» ուժերի միջեւ է։

Ներշնչվում էր՝ իբր նախկինների հաղթանակի հավանականությունը մեծ է, եւ եթե այն տեղի ունենա, ապա կվերադառնա մերժված անցյալն՝ իր բոլոր իրական ու հորինված հետեւանքներով։ Հների վերադարձի վտանգից սարսափած մարդը պետք է գնար եւ ընտրեր հների դեմ պայքարող միակ ուժին՝ գործող իշխանություններին։

Նորերի ու հների այս բեմադրված պայքարում ընտրությունների այլ մասնակիցները հետին պլան էին մղվել։ Նրանք երեւալու հնարավորություն եւ հաջողության հավանականություն չունեին։

Իրականում ընտրությունները ոչ թե հների ու նորերի պայքար պետք է լինեին, այդ պայքարը 2018-ի մայիսին արդեն ավարտվել էր, այլ պետք է լիցքաթափեին երկրում առկա հետպատերազմյան լարվածությունը եւ, որ շատ ավելի կարեւոր է, նոր իշխանություն ձեւավորեին ու նոր բանակցողի բերեին ասպարեզ։ Ոչ թե հների վերադարձի հորինված վտանգից սարսափած ու մոլորված ընտրողի, այլ իր իրավունքները գիտակցող, երկրի ապագայով մտահոգ եւ պատասխանատու քաղաքացու քվեի արդյունքում Հայաստանն արտաքին աշխարհում նորովի ներկայանալու հնարավորություն պետք է ստանար։

Ակնհայտ էր/է, որ Փաշինյանը ռազմաճակատում կրած պարտության եւ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմամբ զրկել է իրեն արտաքին հարաբերություններում հավասար զրուցակից լինելու հնարավորությունից։ Մեր երկրի անունից խոսելու բոլոր իրավունքները Մոսկվային է զիջել։ Իսկ Մոսկվան մեր շահերի հաշվին զրուցում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ վստահ, որ Փաշինյանն այդ եռակողմ զրույցի ցանկացած արդյունք իր ստորագրությամբ վավերացնելու է։

Արտահերթ ընտրությունների գլխավոր նպատակն իրերի այս դրությունը փոխելն էր։ Բայց, ցավոք, փոփոխություն չարձանագրվեց։ Իշխանություններն ապացուցեցին՝ քանի դեռ հների վերադարձի վտանգի մասին առասպելը կա, ո՛չ մի ձախողում, ո՛չ մի տապալում, ո՛չ մի պատերազմ ու պարտություն, ո՛չ մի անդառնալի կորուստ չեն կարող իրենց զրկել թվացյալ այդ վտանգից սարսափած ու սարսափից մոլորված ընտրողի աջակցությունից։

Արդյունքում ոչ միայն նոր իշխանություն եւ նոր բանակցող չունեցանք, որը, հույս կար, անհամեմատ ավելի լավ կներկայացներ Հայաստանի շահերը դրսում, այլ նաեւ պարտության մատնվեց 2018 թվականի հեղափոխությունը։ Նորերի հետ միասին հեղափոխությամբ մերժված հներն են այսօր Ազգային ժողովում։ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական խմբակցություններ ունեն։

Հեղափոխության հաջողությունից անմիջապես հետո էր պարզ, որ հեղափոխության շնորհիվ իշխանության եկածները բոլորովին էլ մտահոգ չեն հեղափոխության ապագայով։ Ձեռք գցած իշխանությամբ բավարարվել էին լիուլի։ Հեռահար խնդիրներ եւ լուրջ ծրագրեր ինչպես չունեին, այդպես էլ չունեն։ Միակ նպատակը իշխանությունը պահպանելն էր, ինչն էլ կարողացան անել։

Իսկ հեղափոխական ոգեւորությամբ ապրող մոլորված ընտրողը, որի վրա կառուցել էր իշխանությունն իր հաշվարկը, որը սիրում է իշխանավորի բերանից հնչող ականջահաճո խոստումներով կերակրվել, խաբվել ու ինքնախաբվել, իր թվաշատությամբ, իր եսակենտրոնությամբ, սեփական հույզերին ու վախերին տրված, մերժելով ցանկացած սառը դատողություն ու տրամաբանական միտք, նպաստեց, որ իր հեղափոխությունը, որով ապրում ու այդքան հպարտանում էր, ջախջախիչ պարտություն կրի»։

Իրավապաշտպան  Վարդան Հարությունյան

aliqmedia