«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. Մենք ձեր զոհերն ենք

Վարդան Հարությունյան. Մենք ձեր զոհերն ենք

Aliqmedia. «Մի հին տեսագրություն է պտտվում համացանցում։ Փաշինյանի ելույթներից է։ Ասում է․ «Քանի դեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից «փոխզիջում» բառը արմատախիլ պետք է անել։ Ու եթե ապրելու, մեր պատմական ճակատագրի կրկնվող ցիկլը հաղթահարելու կամք ունենք, ուրեմն չպիտի վախենանք հայտարարել՝ Աղդամն, այո՛, մեր հայրենիքն է»։

Սա տարածողները հին ու նոր Փաշինյաններին են, իբր, իրար հակադրում։ Ոգեւորված են հին Փաշինյանով։ Հին Փաշինյանի հետ համաձայն են։ Նոր Փաշինյանին, թողնես, կպատառոտեն։

Բայց Փաշինյանը որեւէ այլ հարցում այնքան հետեւողական չի եղել, որքան Ղարաբաղի։ Հայ ազգային կոնգրեսի ցուցակով 2012-ին պառլամենտ մտնելուց, ապա այդ ցուցակից իրեն դուրս դնելուց հետո մշտապես նույն տեսակետն է հայտնել։ Լսե՛ք նրա ելույթները։ Կարդացե՛ք 2017-ի ընտրարշավի ժամանակ նրա ու նրա կուսակցության հայտարարությունները։ 2017-ի նրանց նախընտրական ծրագի՛րը կարդացեք։ Այս մարդը ե՛ւ մինչեւ իշխանության գալը, ե՛ւ վարչապետ դառնալուց հետո նույն անզիջում դիրքերից է հանդես եկել։

Այլ խնդիր է, որ ե՛ւ նա, ե՛ւ դուք, որ այսօր նրա այս ելույթն եք պտտում ու ծափահարում նրա անպատասխանատու ու սադրիչ խոսքերին, չեք հասկացել ու հավանաբար չեք էլ հասկանա նման դիրքորոշման աղետաբերությունը։ Չեք հասկացել, որ այդ դիրքորոշումը մեզ պատերազմ բերեց ու պարտության հանգեցրեց։ Այդ դիրքորոշման պատճառով է, որ այս փակուղում ենք։ Այդ դիրքորոշման պատճառով է Եռաբլուրն այդքան ընդարձակվել, իսկ Արցախը՝ փոքրացել։

Նույնիսկ այս ծանր պատերազմը եւ այս դաժան պարտությունը ձեզ ուշքի չբերեցին։ Շարունակում եք զգայացունց ու ականջահաճո ելույթները գերադասել սառը դատողությանը։ Շարունակում եք իրատեսությունը պարտվողականություն համարել։ Որովհետեւ այն չի տեղավորվում ձեր աշխարհում, խանգարում ու թույլ չի տալիս, որ դուք մյուսներից ավելի հայրենասեր երեւաք։ Շարունակում եք «փոխզիջում» բառն արմատախիլ անել՝ չտեսնելով կուրորեն, որ հակառակորդ երկիրն այն արդեն արմատախիլ է արել։ Ձեզնից փոխզիջում այլեւս չի պահանջվում։ Ձեզնից ամբողջն են տարել։

1920-ի մեր ծանր պարտությունից երկու տարի անց Քաջազնունին գրել է․ «Մենք չենք արել այն ամենը, ինչ որ պետք է անեինք, պարտական էինք անել՝ պատերազմից խուսափելու համար։ Անկախ նրանից, թե որքան կհաջողեինք, մենք պետք է փորձեինք հաշտության լեզու գտնել թուրքերի հետ։ Սա՛ է, որ չենք արել։ ․․․Չէինք վախենում պատերազմից, որովհետեւ վստահ էինք, թե կհաղթենք։ Անփորձ ու տգետ մարդկանց հատուկ անփութությամբ մենք տեղեկություն չունեինք, թե ինչ ուժեր են կազմակերպել թուրքերը մեր սահմանագլխին»։

Այս նույն կապակցությամբ Խատիսյանն ավելացնում է․ «․․․հայ ժողովուրդը, հանձինս իր ղեկավար շրջանակների, մեծ սխալ գործեց՝ չափազանց մեծ պահանջներ առաջադրելով, առանց հաշվի առնելու իր ուժերը եւ միջազգային կարելիությունները։ Մենք մինչեւ Կիլիկիա պահանջելով անկարելի դարձրինք որեւէ բանավոր համաձայնություն ոչ միայն թուրքերի հետ այն պահին, երբ նրանք տկար էին, եւ նրանց հետ դեռ կարելի էր խոսել, այլ նաեւ շահագրգռված մեծ պետությունների հետ»։

Այս մարդիկ, լինելով 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի անմիջական մասնակիցներ, իրենց քայլերը վերլուծելով, ի տարբերություն ձեզ՝ իրենց գործած ճակատագրական սխալները հասկանալով՝ գրել են դրանց մասին։

Այդ սխալները միայն հայերը չէ, որ նկատել են։ Առաջին աշխարհամարտի ժամանակ օսմանյան բանակում որպես բարձրաստիճան սպա ծառայած վենեսուելացի զինվորական Ռաֆայել դե Նոգալեսը իր «Չորս տարի կիսալուսնի տակ» գրքում գրում է․ «Եթե հայերը լինեին ավելի զգուշավոր եւ քիչ ամբիցիոզ, ապա Թուրքիան այսօր, հնարավոր է, լիներ նրանց ազդեցության տակ։ Սակայն նրանք գերագնահատեցին իրենց հնարավորությունները եւ փորձեցին կայսրության արեւելյան նահանգներում թուրքերին իրենց ենթարկել։ Սրա տխուր հետևանքը հայտնի է մեզ»։

Նույն սխալներն են, որ դուք «անփորձ ու տգետ մարդկանց հատուկ անփութությամբ» կրկնում ու կրկնում եք։ Ձեզ մոտ փորձանքը փորձառություն չի դառնում։ Պատմությունը ոչ թե որպես ուսուցիչ, այլ որպես հերոսապատում եք դիտարկում։

44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում այն դադարեցնելու մասին խոսք չհնչեց ձեզնից։ Հիմա բոլորդ Փաշինյանին եք մեղադրում՝ կանգ չի առել։ Իսկ դուք պահանջեցի՞ք, որ նա կանգ առնի։ Մտա՞ք «կանգ առնելու» պատասխանատվության տակ։ Պառլամենտում, որտեղ դուք էիք միայն, պառլամենտից դուրս, որտեղ դուք անչափ շատ էիք ու դեռ շատ եք, մարտական էիք տրամադրված՝ Ադրբեջանի կեսը պետք է գրավեիք։ Իշխանությունները ստում ու ստում էին՝ հաղթում ենք։ Իսկ ստացանք այն, ինչ պետք է ստանայինք։ Այլ արդյունք լինել չէր կարող։ Տարիների ձեր վարքը եւ ձեր անպատասխանատու քայլերը մեզ այլ տեղ տանել չէին կարող։

«Այսօր մենք, ինչպես Բաթումից ու Ալեքսանդրապոլից առաջ, թերեւս Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծման եւ Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում»,-1998-ի հունվարի 8-ին էր Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում զգուշացնում Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Եվ կորցրինք վերջին պատեհությունը։ Կորցրինք ձեր պատճառով։ Փոխզիջումը մերժողներիդ, հակառակորդի հետ զրուցել չկամեցողներիդ, պատերազմով հարցեր լուծելու կողմնակիցներիդ պատճառով։ Դուք՝ «ոչ մի թիզ թշնամուն» կարգախոսի բոլոր կողմնակիցներդ, անկախ իրար նկատմամբ ունեցած վերաբերմունքից, ձեռք ձեռքի տված, 23 տարի շարունակ՝ Ռոբերտ Քոչարյանից մինչեւ Նիկոլ Փաշինյան, ձեր արկածախնդրությամբ ու անհեռատեսությամբ, բանական յուրաքանչյուր խոսք պաթետիկ ճառերի ու հայրենասիրական բացականչությունների ժխորում խլացնելով, հասցրիք մեզ այս հանգրվան։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան

Սկզբնաղբյուր՝ aliqmedia.am