Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն անհրաժեշտ են համարում ԸՕ-ի հետագա բարելավումը

Քաղաքական 23.04.2021   10:00   83

Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ը (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) այսօր հրատապ համատեղ կարծիք են հրապարակել Հայաստանի Ընտրական օրենսգրքում և հարակից օրենսդրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է «Ազատությունը»:

Եվրոպական կառույցները ողջունում են նախաձեռնվող փոփոխությունները, միևնույն ժամանակ անհրաժեշտ համարում հետագա բարելավումները։

«Վենետիկի հանձնաժողովը և ԺՀՄԻԳ-ը գոհունակությամբ նշում են, որ բարեփոխումն կատարվել է տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի հետ լայն խորհրդակցությունների միջոցով և տեղի է ունեցել պատշաճ ժամկետում` ապահովելով փոփոխությունների հնարավորինս լայն աջակցությունը», - ասված է փաստաթղթում:

Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ը, միևնույն ժամանակ, նկատել են, որ Ընտրական օրենսգրքի որոշ փոփոխությունները կիրառվելու են առաջիկա արտահերթ ընտրություններին։ Այդ է պատճառը, որ համատեղ կարծիքում շեշտում են՝ ընտրություններից առաջ այդքան մոտ տեղի ունեցող ցանկացած օրենսդրական փոփոխությունից պետք է սկզբունքորեն խուսափել, քանի որ դա անորոշության է հանգեցնում․

 «Բացի այդ, հասարակությունը և բոլոր շահագրգիռ կողմերը պետք է սեղմ ժամանակահատվածում հարմարվեն նոր կանոններին»:

Փորձագետները նկատի ունեն Ազգային ժողովի կողմից վերջերս Ընտրական օրեսնգրքում ընդունված այն փոփոխությունը, որը վերաբերում է տարածքային ցուցակների վերացմանը․ քաղաքացիները հունիսի 20-ին սպասվող ընտրություններում կընտրեն միայն կուսակցություններին։

Վենետիկի հանձնաժողով ուղարկված փաթեթի մյուս փոփոխությունները, եթե անգամ մինչև ընտրությունները ընդունվեն, հունիսի 20-ին, ըստ իշխող ուժի ներկայացուցիչների, հավանաբար չեն կիրառվի։

Եվրոպական երկու կառույցների կարծիքով, համամասնական ընտրակարգի պարզեցումը լայն աջակցություն ունի քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կողմից: Նկատենք, մինչդեռ, որ նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթ չէր ստորագրել, բայց և Սահմանադրական դատարան չէր ուղարկել Ընտրականից ռեյտինգային ցուցակները վերացնող օրենքը՝ ըստ էության նաև այն հիմնավորմամբ, թե առաջարկվող փոփոխությունները ողջամիտ ժամկետում չեն իրականացվել, լայն հանրային, հասարակական, քաղաքական քննարկումներ չեն անցկացվել։

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը միևնույն ժամանակ դիտարկումներ են ներկայացրել փաթեթի կոնկրետ դրույթների վերաբերյալ, մասնավորապես առաջարկում են հեղինակներին վերանայել ընտրական շեմերին վերաբերող դրույթները, որոնք եվրոպական կառույցների համահունչ չեն թվում։

Առաջարկվող տարբերակով, մասնավորապես փոխվելու է անցողիկ շեմը։ Կուսակցությունը խորհրդարան անցնելու համար 5-ի փոխարեն պետք է հավաքի ընտրողների ձայների առնվազն 4 տոկոսը, իսկ դաշինքների դեպքում անցողիկ 7 տոկոսը բարձրանում է մինչև 8։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և Վենետիկի հանձնաժողովn առաջիկա ընտրությունների համար նաև խորհուրդ են տալիս արտակարգ իրավիճակներում, ներառյալ համաճարակային ժամանակահատվածում ընտրություններ անցկացնելու համար նախօրոք հատուկ միջոցառումներ նախատեսել օրենքում կամ ենթաօրենսդրական ակտերում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ, Վենետիկի հանձնաժողով, արտահերթ ընտրություններ, ԸՕ, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon