11 տարի առաջ օգոստոսի 1-ին հռչակվեց Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծումը
11 տարի առաջ օգոստոսի 1-ին հռչակվեց Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծումը:
«Մեզ միավորում է սահմանադրական կարգի հաստատման` ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտման եւ լիարժեք քաղաքացիական հասարակության ձեւավորման գաղափարը:
Կոնգրեսի մաս կազմող քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները պահպանում են իրենց լիակատար ինքնուրույնությունը եւ անկախ գործունեություն ծավալելու, այդ թվում` ընտրություններին առանձին մասնակցելու իրավունքը»,- ասված էր հռչակագրի մեջ:
2008 թվականի օգոստոսի 1-ին Կոնգրեսն իր խնդիրները ձեւակերպեց այսպես.
- Անխտիր բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում
- Խոսքի, մամուլի, հավաքների ազատության ապահովում
- Միջազգային փորձագետների նշանակալի մասնակցությամբ մարտի 1-ի ոճրագործության իրապես անկախ հետաքննության իրականացում
- Առվազն առաջին պայմանի կատարման դեպքում` երկրի ժողովրդավարական զարգացմանն ուղղված բարեփոխումների շուրջ իշխանությունների հետ երկխոսության ծավալում
- Արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
Այս խնդիրները, որոնք կենսական էին մեր երկրի ժողովրդավարության եւ քաղաքական համակարգի առողջացման համար, ըստ էության, ամբողջությամբ իրագործվել են: Կարեւոր չի, թե Կոնգրեսին այն ժամանակ անդամակցող եւ պայքարին հետագայում միացած անձանցից եւ ուժերից ով, երբ եւ ինչ լումա ունեցավ ծրագրի իրականացման գործում. կարեւորն այն է, որ ծրագիրը վերջապես կատարված է: Ի վերջո, դա չէր արվում դափնիների համար (Այս առումով, նույնիսկ ավելի գեղեցիկ եմ համարում այն, որ Հայ Ազգային Կոնգրես կոուսակցությունն այսօր իշխանության մաս չի կազմում եւ կարող է երկրում ընթացող գործընթացներին մոտենալ անդավաճան օբյեկտիվությամբ եւ սթափությամբ):
Շնորհավորում եմ հռչակագրի 11-րդ տարեդարձի եւ հռչակված ծրագիրը կյանքի կոչելու առթիվ: Առանց այդ խնդիրների լուծման երկիրը առաջ չէր շարժվելու:
Ժամանակն է կենտրոնանալ երկրի անվտանգության ամրապնդման եւ զարգացման խնդիրների վրա: