«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Ողորմելի երեսպաշտության հաղթարշավ

Հարութ Ուլոյան. Ողորմելի երեսպաշտության հաղթարշավ

Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունից հետո թՔՊ-ական որոշ խամաճիկներ կրկին խավարի հանդեպ իրենց սերն են ի ցույց դրել: Թե բա՝ Տեր-Պետրոսյանն աջակցում է ահաբեկիչներին: Սա էլ հերիք չի, կրկին Մարտի 1-ն ու Տեր-Պետրոսյանի տնային կալանքն են հիշել:

Թե ի՞նչ բարոյական իրավունք ունեն այդ մարդիկ առհասարակ Տեր-Պետրոսյանի անունը շոշափելու, վստահ եմ, նույնիսկ իրենց ընտանիքի անդամներն էլ են լուռ այդ հարցն իրենց մեջ բարձրացնում... Իսկ «ահաբեկիչներին» աջակեցելու, վերջիններիս քաղբանտարկյալ համարելու, առավել ևս՝ Մարտի 1-ի թեմայի մասով հարկ է դիմել որոշ փաստավավերագրական դրվագների:

-  «Հոգիս ոնց էր փառավորվել, որ ոստիկանների ձեռքից մահակներ ու վահաններ եք խլել: Ապրե´ք դուք»:

- «Ես ձեզ կոչ եմ անում՝ ձեռքին ունենալ ինչ-որ բան՝ ինքնապաշտպանություն կազմակերպելու համար. փայտ, քար, չգիտեմ ինչ»:

- «Եթե պետությունն ի վիճակի չէ պատժել հանցագործներին, ապա ժողովուրդը կգտնի իր մեջ կամք՝ պատժել հանցագործներին»:

- «Մեր գործողությունները լինելու են խաղաղ այնքան ժամանակ, քանի դեռ օրինական բոլոր միջոցները չեն սպառվել: [...] Մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի»:

Սրանք ուղիղ մեջբերումներ են 2008 թվականի փետրվարին և մարտի 1-ի հանրահավաքների ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթներից:

Այժմ հարց. Ի՞նչ կանեին Նիկոլ Փաշինյանն ու թՔՊ-ն, եթե ներկայիս ընդդիմադիր ուժերից կամ անհատներից մեկը նման կոչեր ու հայտարարություններ աներ: Ի՜նչ մակարդակի վայնասուն կբարձրացներ պորպագանդան... Պատկերացնելու համար, ընդամենը հիշեք, թե ինչի համար են կալանավորված երկու եպիսկոպոսներն ու Սամվել Կարապետյանը:

Հատկապես վերը նշված վերջին մեջբերումը համեմատեք Սամվել Կարապետյանի «Մենք մեր ձևով ենք միջամտելու...» հայտարարության հետ: Եվ եթե նման հայտարարությունները իրավական տեսանկյունից բավարար են մարդուն ձերբակալելու համար, ապա վերը նշված հայտարարությունների համար Փաշինյանը, ըստ էության, պիտի արժանանար ցմահ ազատազրկման: Ըստ այդմ, եթե որոշ հայտարարությունների համար ներկայիս ձերբակալվածները, ըստ թՔՊ-ականների ու նրանց աջակիցների, քաղբանտարկյալներ չեն, ապա Փաշինյանն առավել ևս քաղբանտարկյալ չէր:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի «տանը մնալու» անբարոյական թեզին, ապա այդ մասով, ևս, դիմենք Փաշինյանի օգնությանը:

2008 թվականի մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի հարթակից Փաշինյանը բառացիորեն հայտարարում է հետևյալը. 
«Ինձ համար առաջին խնդիրն այն էր, որ ես, նախ, պիտի չձերբակալվեմ, որպեսզի շարունակություն ունենանք: Գաղտնի տեղում պատսպարվել ենք, ապա կապ եմ հաստատել առաջին նախագահի հետ: Առաջին նախագահը եղել է Ազատության հրապաակում և ինձ ասել է, որ չի հեռանա այդ տեղից, մինչև համապատասխան ձերբակալության սանկցիա չլինի: Ռոբերտ Քոչարյանի թիկնազորն առաջին նախագահին, ըստ էության, բռնի ուժով տարել է առաջին նախագահի տուն և այնտեղ, ըստ էության, ենթարկել տնային կալանքի»:

Ավելին, դրանից երկու տարի անց, նույն Փաշինյանը, անդրադառնալով Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի «տանը մնալու» մեղադրանքներին, այդ մեղադրանքները հնչեցնողներին համարում է «լպրծուն» ու «պոռոտախոս», հավելելով , որ այդ մարդիկ «չեն էլ թաքցնում, որ իրենք անբարոյական են, որ իրենք քծնող են ու շողոքորթ, որ իրենք ոհմակ են շակալների, [...] որովհետեւ խառնակում են մարդկանց գիտակցությունը, լղոզում բարոյականությունը եւ ժողովրդին քարշ տալիս անելանելիության անհաղթահարելի պարիսպներից ներս»:

Փաշինյանը, նաև, հեգնելով նման մեղադրանք ներկայացնողին, գրում է. «[Նման մեղադրանք հնչեցնողի տունն է՞լ էր] Լեւոն Տեր-Պետրոսյանի տան նման զինված ուժերի եռակի շրջափակման մեջ գտնվում, նրա ընտանիքն է՞լ էր պատանդի վիճակում հայտնվել, նրա թոռները, հարսն ու կինն է՞լ էին անթրաշ ավտոմատավորների հսկողության տակ...» («ՀԺ», 14.07.2010թ.):

Համաձայնեք, որ անհնար է չկիսել Փաշինյանի նման գնահատականներն ու չհայտարարել հետևյալը. Ով մեղադրում է Տեր-Պետրոսյանին Մարտի 1-ին «տանից դուրս» չգալու համար, նա «լպրծուն, պոռոտախոս, անբարոյական, քծնող, շողոքորթ ու շակալի ոհմակ» է: Հակառակվողներն այս գնահատականների շարքն ինքնաբերաբար ուղղում են Փաշինյանին:

Վերադառնալով «ահաբեկիչներին» քաղբանտարկյալ համարելու մեղադրանքներին, կրկին փաստենք հետևյալ իրողությունները.

- 2013 թվականին Շանթ Հարությունյանն իր համախոհների հետ նախապես հայտարարված սցենարով (զինված ձողերով, բենզինի շշերով, ինքաշեն պայթուցիկներով) փորձեց երթ իրականացնել դեպի Բաղրամյան 26՝ պատրաստ լինելով «զոհվել հանուն հեղափոխության»: Երթի ընթացքում ընդհարումներ տեղի ունեցան ոստիկանության հետ, իսկ վերջում բոլոր մասնակիցները՝ Շանթի գլխավորությամբ, ձերբակալվեցին: Փաշինյանը ոչ միայն Շանթին քաղբանտարկյալ է համարել, այլև՝ 2018 թվականին իշխանության գալուց հետո, ըստ էության, ազատ է արձակել նրան:

- 2016 թվականին «Սասնա Ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, երբ հայտնի էր, որ այդ ընթացքում 3 ոստիկան է զոհվել ու մի քանի մարդ պատանդ է պահվում, Փաշինյանն ու ողջ թՔՊ վերնախավն հրապարակայնորեն հայտարարում էին, որ ««Սասնա Ծռերի» տղաներն ահաբեկինչեր չե´ն»:

Արդեն 2018 թվականից հետո Փաշինյանն հայտարարում էր, որ իր վերապահումը զուտ բուն սպանությունների հեղինակների մասով է, իսկ գործով ձերբակալված մնացած բոլոր անձինք քաղբանտարկյալ են ու պետք է ազատ արձակվեն:

Հարցն, իհարկե, նրանում չէ, թե որքանով էին նշված իրադարձություններում ներգրավված անձինք «ահաբեկիչ» ու որքանով էին «քաղբանտարկյալ», հարցը նրանում է, որ ՓԱՍՏԱՑԻ Փաշինյանն ու իր թիմն այդ մարդկանց համարել է ոչ թե «ահաբեկիչ», այլ՝ «քաղբանտարկյալ»:

Վերադառնոլավ մեր օրեր, արձանագրենք, որ ներկայիս ԵՆԹԱԴՐՅԱԼ «ահաբեկչության» գործի «բացահայտման» կոնտեքստում ձերբակալված անձինք արդեն իսկ թՔՊ-ական բարձրյալ դատարանի կողմից բացահայտվել ու ճանաչվել են որպես հանցագործներ, ըստ այդմ, ոչ ոք բացարձակապես իրավունք չունի կասկածներ հայտնելու այդ գործի վերաբերյալ: Ու դա այն պարագայում, երբ «գործի բացահայտման» առաջին իսկ պահից թՔՊ-ի կողմից կոծկվել էր «ահաբեկչության պլանի» ամսաթիվը՝ դրանով խեղաթյուրելով ու ուղղորդելով ենթադրյալ «ահաբեկչության» վերաբերյալ ողջ տեղեկատվությունը:

Ավելին, չի էլ թույլատրվում մեկնաբանել, թե ի՜նչ կարող է նշանակել «մեր ձևով» արտահայտությունը. ահաբեկչություն է ու վե´րջ: Էլ չասած այն մասին, որ պրոպագանդան թե´ Սամվել Կարապետյանին, թե´ այս տարիներին Փաշինյանի դեմ հանդես եկող բոլոր անձանց ու ուժերն ներառել է տվյալ «ահաբեկչության գործի» մեջ:

Ու հիմա այս մարդիկ չքմեղացել ու ինքնաներշնչված զոհի դիրքերից բարոյախրատական դասեր են տալիս այլոց՝ բացահայտ կեղծելով իրողությունները, մերժելով իրենց անցյալն ու հատելով տարրական բարոյականության նորմերը:

Այս անձինք ուղղակի մարդկային բանականության բռնաբարմամբ են զբաղված:

Հարութ Ուլոյան