«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ԱԱԾ. 44-օրյա պատերազմից հետո գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ

ԱԱԾ. 44-օրյա պատերազմից հետո գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ

44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների արդյունքում Հայաստանի Հանրապետություն են վերադարձվել 422 զոհված հայ զինծառայողների դիեր, որոնցից 225-ը զոհվել են 2022թ. սեպտեմբերյան դեպքերի ընթացքում: Այս մասին հայտարարել են ՀՀ ԱԱԾ-ում տեղի է ունեցած գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստի ժամանակ։

Արձանագրվել է, որ 2022թ.-ի սեպտեմբերյան դեպքերի արդյունքում զոհված 2 հայ զինծառայողների դիերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են:

«Բացի այդ, 2022թ սեպտեմբերի 13-ից 14-ը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից՝ հակառակորդի խորը թիկունքից, դուրս են բերվել Ջերմուկի զորամասի 1 սպա և 1 ժամկետային զինծառայող», - ասված է հաղորդագրությունում:

Հանձնաժողովին 2022թ. դեկտեմբերի 19-ից մինչ օրս ներկայացվել է 101 գրավոր դիմում՝ անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, իրավական, առողջապահական, սոցիալական բնույթի հարցադրումներով: Բացի այդ, եղել են նաև բանավոր դիմումներ: Դիմումների քննարկման արդյունքում դրանց մի մասին տրվել են անհրաժեշտ լուծումներ, ներկայացվել են պահանջվող տեղեկությունները, իսկ մյուս մասը ուղարկվել են իրավասու գերատեսչությունների քննարկմանը՝ տեղեկություններ, առաջարկներ ներկայացնելու համար:

«Մինչ օրս գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ:», - նշված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում:

ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը վերջերս անդրադարձել էլ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։

Նրա խոսքով` հայ ռազմագերիների խնդիրը երկրորդվել է, ինչն ընդհանուր միտում է, և այս պահին չկա դատական ակտ, որով Ադրբեջանից կպահանջվի վերադարձնել հայ ռազմագերիներին։
«Հայ ռազմագերիներն Ադրբեջանում որպես պատանդ են պահվում քաղաքական պահանջների բավարարման համար»- armeniasputnik-ի հետ զրույցում նշել է Սիրանուշ Սահակյանը։

 Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։