Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություններ տարածել
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ Պն մամուլի ծառայությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հերթական ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 11-ին` ժամը 22։00-22:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ վերջին մեկ օրում սա Ադրբեջանի ՊՆ-ի տարածած 3–րդ ապատեղեկատվությունն էր։
Ստեփանակերտն էլ հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունն՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները։
Բաքուն հաղորդել է,թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին ժամը 08։30-ի սահմաններում, «շան վզին ամրացրել են ինքնաշեն պայթուցիկ սարք և ստիպել են շանն անցնել ադրբեջանական կողմ և իրականացնել «ահաբեկչական» գործողություն»։
Ստեփանակերտն ամբողջությամբ հորինված և կեղծիք է համարում Բաքվի պնդումը, այն համարելով Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած հերթական ստահոդ հաղորդագրություն։