ԱՀ ՄԻՊ. Ադրբեջանի ԶՈւ կողմից սպանված 80 քաղաքացիական անձանցից 68-ը տղամարդիկ են, 12-ը կանայք (զեկույց)

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հրապարակել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցի թարմացված տարբերակը։ Նա այն հակիրճ ներկայացրել է ֆեյսբուքի իր պաշտոնական էջում։
«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցի թարմացված տարբերակը։
Զեկույցում ամփոփվել են 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ․սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տվյալները Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման և ներխուժման հետևանքով զոհված քաղաքացիական անձանց վերաբերյալ։ Ներկայացվել են միայն անառարկելի հիմքերով ապացուցված դեպքերը։ Յուրաքանչյուր քաղաքացիական զոհի սպանության հանգամանքների վերաբերյալ զեկույցում ներկայացված է հակիրճ նկարագրություն։
Մինչև 2021թ․ սեպտեմբերի 27-ը հավաքագրված տվյալներով պարզվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանված 80 քաղաքացիական անձանց ինքնությունը։
42 քաղաքացիական անձինք սպանվել են ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների՝ ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետևանքով:
38 քաղաքացիական անձինք սպանվել են ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի և այլ անմիջական միջոցների կիրառմամբ: 80 քաղաքացիական զոհերից 68-ը տղամարդիկ են, 12-ը կանայք։
52 քաղաքացիական անձ սպանվել է բնակության վայրում, 15-ը` հասարակական վայրում, 11-ը` աշխատանքի վայրում, 1 հոգի` ադրբեջանական բանտում։ Քաղաքացիական զոհերի թվում մեծամասնություն են կազմում 63 և ավելի տարիք ունեցող անձինք։
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով: Ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներից երկու տասնյակ քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռևս մնում է անհայտ։
Զեկույցը պատրաստվել է փակ և հրապարակային տարբերակով։ Փակ զեկույցում ավելացված են բազմաթիվ լուսանկարներ՝ ներկայացնելով զոհերին մահից առաջ ու հետո: Հրապարակային զեկույցը պատրաստվել է առանց լուսանկարների՝ հաշվի առնելով դրանցում առկա դաժան ու զգայուն պատկերները:
Զեկույցի փակ տարբերակն ուղղարկվել է միջազգային համապատասխան կառույցներին»:
Զեկույցի հրապարակային տարբերակն՝ ԱՅՍՏԵՂ: