ԱՀԿ. Սիրիայում ու Թուրքիայում նոր աղետի վտանգ կա
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը, շաբաթ երեկոյի տվյալներով, գերազանցել է 28 հազարը։ Փրկվածների որոնումները շարունակվում են, սակայն Թուրքիայում աշխատող գերմանացի և ավստրիացի փրկարարները դադարեցրել են աշխատանքը աղետի գոտում թալանի և կրակոցների պատճառով։
Թուրքիայի փոխվարչապետ Ֆուաթ Օքթայը լրագրողներին հայտնել է, որ այդ երկրում զոհերի թիվը հասել է 24617-ի։ AFP լրատվական գործակալության տվյալներով՝ մինչ այժմ Սիրիայում 3553 մահացած է հայտնաբերվել։ Երկու երկրներում զոհերի ընդհանուր թիվը հասցնում է ավելի քան 28,100-ի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է, որ ավերիչ երկրաշարժից հետո առաջացած սարսափելի պայմանների պատճառով Թուրքիայում և Սիրիայում կարող է նոր աղետ լինել։
ԱՀԿ-ի ներկայացուցչի խոսքով` պոտենցիալ զոհերի թիվը կարող է հավասարվել երկրաշարժի զոհերի թվին, քանի որ տուժածները ջրի, հոսանքի, վառելիքի լուրջ խնդիրներ ունեն։
«Երկրորդային աղետի իրական վտանգ կա, ինչը կարող է ավելի մեծ թվով մարդկանց վնաս հասցնել, քան առաջնային աղետը, եթե մենք չշարժվենք այն տեմպով և ինտենսիվությամբ, ինչ որոնողափրկարարական գործողություններում», – ասել է Հոլդենը։