ԱԺ 2021. Էլեկտրոնային քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին
Հայաստանից դուրս գտնվող 650 քաղաքացի կկարողանան օնլայն մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԸՀ-ն։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ժամանակացույցի՝ էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է քվեարկության օրվանից 9 օր առաջ, այսինքն՝ հունիսի 11-ին Երևանի ժամանակով 08:00-ից և ավարտվում է քվեարկության օրվանից 7 օր առաջ, այսինքն՝ հունիսի 13-ին Երևանի ժամանակով 20:00-ին:
Նշվում է, որ էլեկտրոնային եղանակով կարող են քվեարկել Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ծառայություն են կատարում աշխարհի տարբեր երկրներում Հայաստանի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում։ Նրանց թիվը 287 է` ներառյալ նրանց ընտանիքների անդամները:
Թույլտվություն տրվել է նաև այն զինծառայողներին, որոնք գտնվում են երկարատև ծառայողական գործուղման կամ օտարերկրյա պետություններում ուսուցման մեջ, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին: Նրանց թիվը 363 է։
Մայիսի 24-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 583 823 մարդ:
Հիշեցնենք, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: