«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Ալիև. Բաքուն ու Երևանը սկսել են հաղորդուղիները բացելու շուրջ  բանակցային գործընթացը

Ալիև. Բաքուն ու Երևանը սկսել են հաղորդուղիները բացելու շուրջ  բանակցային գործընթացը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն երեկ ժամանել է տարածաշրջան՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկելու ղարաբաղյան խնդիրն ու վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը:

Առաջին կանգառը Բաքվում էր, որտեղ նա  հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով:

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության վերականգնումը կարող է ելակետ դառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն ամբողջությամբ անցյալում թողնելու համար:

«Մենք արդեն Հայաստանի հետ սկսել ենք հաղորդուղիները բացելու շուրջ  բանակցային գործընթացը: Սա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մասն է: Արդեն կայացել են տարբեր մակարդակներում մի շարք հանդիպումներ: Սա կարող է դառնալ շրջադարձային կետ, որ ամբողջությամբ փակվի պատերազմի էջը: Հաղորդուղիների բացումը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, կստեղծի նոր հնարավորություններ, նոր դինամիկա կհաղորդի: Ես անկեղծ եմ ասում՝ Ադրբեջանը դրան պատրաստ է»,- Ալիևի խոսքն է փոխանցել նրա մամուլի ծառայությունը:

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ պատերազմից հետո չորս ամիսները «ցույց են տալիս երկու կողմերի կամքը՝ փակելու այս էջը և ուշադրությունն ուղղելու ապագային»:

Իր հերթին, Լինդեն շեշտել է, որ ԵԱՀԿ-ն «կքննարկի, թե ինչ կարող է անել հակամարտության լուծմանը նպաստելու համար»: Նա նշել է, որ այս համատեքստում առաջնահերթությունն է համարում միջազգային իրավունքը, մարդու իրավունքները, հումանիտար իրավունքը, խաղաղությունն ու անվտանգությունը:

Ադրբեջանից հետո Լինդեն կժամանի Երևան: