Անկախության հռչակագիր՝ ըստ Նիկոլ Փաշինյանի. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
Իր երկու ժամ տևած խայտաբղետ ինքնահարցազրույցում Նիկոլ Փաշինյանն այսօրվա իրավիճակի համար մեղավորների փնտրտուքը տարավ-հասցրեց մինչև 1990 թվական՝ Անկախության հռչակագրի ընդունումը (երբ ինքը դեռ 15-ամյա մի ժիր պատանի էր), «սխալ հանեց» հռչակագիրն ու հայտարարեց, թե մեզ նոր հռչակագիր է պետք։
Այդ հռչակագիրը, հիշեցնենք, անկախ պետականության հաստատման գործընթացը սկսելու մասին էր և ընդունվել է այն ժամանակ, երբ Հայաստանը դեռ անկախ պետություն չէր։ Ու հիմա, երբ Հայաստանն արդեն 31 տարի է անկախ պետություն է, «նոր հռչակագիր» մոգոնելը, մեղմ ասած, տարօրինակ է։ Բայց, իհարկե, ո՛չ Նիկոլ Փաշինյանի համար։ Չէ՞ որ նրա պատկերացմամբ՝ մինչև իր իշխանության գալը, հազարամյակներ շարունակ եղել է «սխալ Հայաստան», «ճիշտ Հայաստանի» պատմությունն էլ 2018-ից է սկսվում, հետևաբար ամեն ինչ պետք է ջնջել և սկսել «սեփական կետից», այդ թվում՝ Անկախության հռչակագիրը։
Բայց փորձենք հասկանալ, թե այնուամենայնիվ ի՞նչ գործնական նպատակներով է Նիկոլ Փաշինյանը «սխալ հանում» Անկախության հռչակագիրը։ Մեծ հավանականությամբ՝ դա կարող է լինել «խաղաղության դարաշրջանին» ընդառաջ Թուրքիայի և Ադրբեջանի քողարկված կամ բացահայտ պահանջը։ Ադրբեջանի «աչքի փուշը» հռչակագրի նախաբանում 1989 թ դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշման հիշատակումն է, Թուրքիայինը՝ 11-րդ կետը, որը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու մասին է։
Խնդիրը, իհարկե, «նոր հռչակագիր» գրելը չէ, որովհետև Հայաստանի անկախացումից և Սահմանադրության ընդունումից հետո հռչակագիրը որևէ գործնական նշանակություն չունի․ պետությունը բոլոր ոլորտներում առաջնորդվում է ըստ Սահմանադրության, օրենքների և միջազգային նորմերի։ Դրա համար էլ, օրինակ, նույն Արցախի հարցում մեր քաղաքականության հիմքում դրվել էր ոչ թե 1989 թ դեկտեմբերի 1-ի «Վերամիավորման ակտը», այլ ազգերի ինքնորոշման՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքը։ Որովհետև 1989 թ դեկտեմբերի 1-ն ԽՍՀՄ-ը դեռևս գոյություն ուներ, և վերամիավորումն ընդամենը նշանակում էր նույն պետության ներսում սահմանների փոփոխություն, իսկ Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո դա արդեն միջազգային հարց էր։
Խնդիրն այն է, որ «նոր հռչակագրի» մասին խոսելով՝ Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ եթե 1990 թ հռչակագրում Լեռնային Ղարաբաղն ու 1915 թ Հայոց ցեղասպանությունը չհիշատակվեին, այսօրվա իրավիճակը չէինք ունենա, «խաղաղության դարաշրջանն» էլ վաղուց բացված կլիներ։ Պարզ ասած՝ կրկնում է Թուրքիայի և Ադրբեջանի թեզերը, որոնց համաձայն՝ և՛ Թուրքիայի թշնամական պահվածքի, և՛ Ադրբեջանի հակահայ քաղաքականության ու պատերազմի թիվ մեկ մեղավորն «ագրեսիվ հայերն» են, որոնց, բնականաբար, պիտի զսպել, պատժել, իսկ եթե «լավ չհասկանան»՝ ընդհանրապես ոչնչացնել։ Ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ճիշտն այն կլիներ, որ Հայաստանն ի սկզբանե հրաժարվեր Արցախից էլ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից էլ, և այդ դեպքում մեզ հանգիստ կթողնեին։
Ոչ, հանգիստ չէին թողնի։ Արցախը հայաթափելուց հետո իրենք Սյունիքի, Վարդենիսի ու Արարատյան դաշտի հարց կբարձրացնեին և «իրենց հայրենակիցներին աջակցելու» պատրվակով կներխուժեին Հայաստան, ու կունենայինք նույն պատերազմը՝ շատ ավելի ծանր պայմաններում։ Պարզապես անկախության ձեռքբերումից հետո մենք կարողացանք ճիշտ կողմնորոշվել և հաղթեցինք, ու եթե կարողանայինք ճիշտ «կապիտալիզացնել» այդ հաղթանակը՝ մեկառմիշտ կփակեինք «միջանցքի» հարցն էլ, «Արևմտյան Զանգեզուրինն» էլ, «Բասարգեչարինն» էլ։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում:
1990թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը (տեսանյութեր)