Արա Այվազյան.Դա ռազմական հեղաշրջման փորձ չէր
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը համաձայն չէ Հայաստանում տեղի ունեցածը որպես «ռազմական հեղաշրջման փորձ» որակողների հետ։ Այս մասին նա խոսել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ էր դա, եթե ոչ քաղաքական հեղաշրջում, ԱԳ նախարարն ասել է.
«Պարզապես արվել է քաղաքական հայտարարություն, որն ինքնին ռազմական հեղաշրջման փորձ չէ: Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան»,- նշել է նախարարը։
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին՝ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ մեր երկիրը պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
«Թույլ տվեք հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը տարածքային վեճը չէ. այն հազարամյակներ Արցախում բնակված բնիկ հայ բնակչության գոյության մասին է։ Հակամարտությունը ինքնորոշման և իրենց ճակատագիրը տնօրինելու օրինական իրավունքի մասին է։ Ուստի մենք պետք է հասցեագրենք այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որից բխում է նաև Արցախի կարգավիճակի հարցը»,- ընդգծել է Այվազյանը։
Նա նշել է՝ Ադրբեջանը և Թուրքիան պետք է գիտակցեն, որ ներկայիս ստատուս քվոն ագրեսիայի և ապօրինի ուժի կիրառման հետևանք է։ Այն ո՛չ կայուն է, և ո՛չ էլ ընդունելի տարածաշրջանում տևական խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման համար։