«  Օգոստոս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Արցախի ՄԻՊ–ը ԵԱՀԿ ՄԽ–ին զեկույց է ուղարկել ռուս խաղաղապահների մանդատի հստակեցման մասին

Արցախի ՄԻՊ–ը ԵԱՀԿ ՄԽ–ին զեկույց է ուղարկել ռուս խաղաղապահների մանդատի հստակեցման մասին

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2022 թվականի օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին արտահերթ զեկույց է ուղարկել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Զեկույցի առաջին բաժնում ներկայացվել են փաստեր եռակողմ հայտարարության ընդունումից հետո Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից համակարգված և շարունակաբար իրականացվող հանցագործությունների վերաբերյալ։ Նշվել է նաև, որ հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանն ավելի քան 112 հանցագործություն է կատարել` սպանվել է 3 քաղաքացիական և 15 զինվորական անձ, սպանության փորձի ենթարկվել 126 անձ (48 քաղաքացիական, 78 զինվորական), տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել կամ բռնության է ենթարկվել 65 անձ (14 քաղաքացիական, 51 զինվորական)։ Անդրադադարձ է կատարվել նաև 2022 թվականի օգոստոսին Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիային և դրա հետևանքներին։
Երևանը, Բաքուն ու Մոսկվան առաջընթաց են գրանցել պայմանավորվածությունների հարցում. Լավրով

Երկրորդ բաժնում անդրադարձ է կատարվել Արցախը Հայաստանին կապող (Լաչինի) միջանցքի կենսական նշանակությանն ու դրա իրավական ռեժիմի փոփոխության անթույլատրելիությանը։ Արձանագրվել է, որ իր անօրինական պահանջները առաջ մղելու համար ադրբեջանական կողմը շարունակաբար դիմում է ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի, ինչը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։

Երրորդ բաժնում անդրադարձել են ուժի կիրառման սպառնալիքի ներքո խաղաղ բնակավայրերի՝ Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների հայաթափմանը, դրա հետևանքով մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներին։

Չորրորդ բաժնում ներկայացվել են ապացույցներ օգոստոսյան էսկալացիային զուգահեռ Ադրբեջանի պետական պաշտոնյաների, հանրային գործիչների կողմից հայերի դեմ ուղղված ատելության խոսքի և հայատյացության այլ դրսևորումների կտրուկ աճի վերաբերյալ։
Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախը ՀՀ-ին կապող նոր երթուղու ժամանակավոր հատվածում
Արձանագրվել է նաև, որ Ադրբեջանն ակնհայտորեն անտեսում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, մասնավորապես` որոշման 2-րդ կետով սահմանված պահանջը, որի համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է․ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»։

Զեկույցի 5-րդ բաժնում անդրադարձ է կատարվել ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի հստակեցման անհրաժեշտությանը, որն արդյունավետ մեխանիզմներ կապահովվի հրադադարի ռեժիմի խախտումներին պատշաճ հակազդելու և լիարժեք խաղաղություն ապահովելու համար։

Զեկույցը պատրաստվել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների, քաղաքացիական բնակավայրեր կատարած այցերի, քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների, պետական լիազոր մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա և նպատակ է հետապնդում փաստագրելու Ադրբեջանի` Արցախի ժողովրդի իրավունքների խախտման դեպքերն ու դրանց տարաբնույթ դրսևորումները։