«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

«Արցախի ժողովրդի համար անընդունելի են Փաշինյանի պահվածքն ու դիրքորոշումը»

«Արցախի ժողովրդի համար անընդունելի են Փաշինյանի պահվածքն ու դիրքորոշումը»

Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությամբ, անընդունելի են: Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը եւ Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը:

«Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ են եղել Արցախի պետականությունը կասկածի տակ դնելու ՀՀ իշխանությունների անհասկանալի քայլերը: Մեզ հասանելի խողովակներով փորձել ենք զգուշացնել նման վարքագծի կործանարար հետևանքների մասին:

Ցավով ենք նշում, որ մեր զգուշացումները սթափեցնող ազդեցություն չեն ունեցել: Բազմաթիվ ձախողումների պատճառով այսօր կանգնել ենք տապալված բանակցությունների, աղետաբեր պատերազմի և հիմա էլ՝ հակառակորդի բոլոր պահանջներն ու քմահաճույքները կատարելու պարտադրանքի առջև:

Տևական ժամանակ մենք ձգտել ենք հավատարիմ մնալ հայկական երկու հանրապետությունների քաղաքական վերնախավերի մոտ ձևավորված այն ավանդույթին, որ իրար ներքին գործերին չմիաջամտելը համարվել է քաղաքական կոռեկտության դրսևորում:

Սակայն, այն ինչ հնչեցվել է Հայաստանի գործող վարչապետի կողմից այսօր, սասանել է հայկական պետականության հիմքերը, մասնավորապես, խախտելով համայն հայության իրավունքների պաշտպանը հանդիսանելու պարտավորությունը:

Մեր նախնիների դարավոր պայքարի և այդ հիմքի վրա ձևավորված արցախյան ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ վեր է խոյացել ազգային արժանապատվության նոր որակ, որը նսեմացնելու իրավունք ոչ ոք չունի, անկախ իր զբաղեցրած պաշտոնից ու դիրքից:

Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան: Արցախը չի ընդունել և չի ընդունելու այն մոտեցումները, որոնք այսօր ներկայացվել են ՀՀ վարչապետի կողմից և, ինչպես նախկինում է պայքարել, այնպես էլ հիմա, բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու է իր հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի համար:

Հավատում ենք, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսօր համայն հայությունը կլինի Արցախի ժողովրդի կողքին»,- ասված է հայտարարության մեջ:

Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ

Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ

Արցախի Հանրապետության երրորդ նախագահ

Բակո ՍԱՀԱԿՅԱՆ

22 մայիսի, 2023թ.  ք. Ստեփանակերտ

Ի՞նչ իրավունքների, անվտանգության եւ երաշխիքների մասին կարող է խոսքը լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիրակատար շրջափակման մեջ՝ շարունակելով 1980-ականներից Արցախի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականությունը: Այս մասին երեկ՝ մայիսի 22-ին, Արցախի Ազգային ժողովում գումարված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Հայաստանի վարչապետը, անտեսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը , հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեանի 86 600 կմ տարածքային ամբողջականությունը, որը ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ: Ի՞նչ իրավունքների, անվտանգության եւ երաշխիքների մասին կարող է խոսքը լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիրակատար շրջափակման մեջ՝ շարունակելով 1980-ականներից Արցախի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականությունը»,- ասաց նա:

Թովմասյանը կոչ արեց աշխրահասփյուռ հայությանը, Հայաստանի եւ Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը սատար կանգնել Արցախի՝ իր հայրենիքում խաղաղ եւ անկախ ապրելու եւ արարելու կամքին:

Արցախի Ազգային ժողովը չի ընդունում Հայաստանի վարչապետի այսօրվա հայտարարությունը, ասված է խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացված հայտարարության մեջ։ Այն ընդունվեց միաձայն։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա  մամլո ասուլիսում կատարված հայտարարությունը, որի մեջ նա վերահաստատել է իր  պատրաստակամությունը՝  Արցախը ներառելու  Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախի Հանրապետությունում։  Նիկոլ Փաշինյանը,  փաստորեն, իր այդ  հանձնառությամբ կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության  Անկախության հռչակագրի  և Սահամանադրության ամրագրումներն Արցախի մասին, առանձնապես,  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ  «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։

Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող  Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա  հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց։

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր  իրողությամբ՝   Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում համայն հայությանը թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից հայոց հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքերը,  անկլավների անվան տակ  Ադրբեջանին զիջելուն ուղղված  աղետալի քայլերը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայկական պետականության կորստին։

Միաժամանակ դիմում ենք ՀՀ և ԱՀ նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները։ Այլապես, ձեր լռությունը կդիտարկենք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնության նշան։

22 մայիսի, 2023թ.
ք. Ստեփանակերտ

Նշենք՝  Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս: