Բաղդասարյանն արձագանքում է Բալասանյանին. Արցախում մեր բոլոր հաղթանակները եղել են Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք
Ստեփանակերտում Վիտալի Բալասանյանը հանդիպել է լրագրողներին և հայտարարել, թե Նիկոլ Փաշինյանը շարունակում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, որը, ըստ նրա, դավաճանական է։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է վերստին Տեր-Պետրոսյանի անունը շրջանառվում և ի՞նչն է դավաճանական:
-Գիտե՞ք, ընդհանրապես քաղաքական գործիչների գործունեությունը պետք է գնահատել ըստ արդյունքների, և Արցախում մեր բոլոր հաղթանակներն իրականացվել են Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ: Եթե դա դավաճանություն է, ուրեմն պիտի ցանկանանք, որ Նիկոլ Փաշինյանը նույնքան դավաճան լինի, - Factor TV-ի հետ զրուցում ասել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:
«Իսկ ընդհանրապես, եթե խոսենք Վիտալի Բալասանյանի ակտիվացման մասին, ապա ես չէի ցանկանա վիրավորական խոսքեր ասել նրա մասին, հաշվի առնելով նրա անցյալը, նրա կատարած գործերը Արցախյան պատերազմում և ինձ իրավունք էլ չէի վերապահի։ Բայց, տեսեք, մարդկանց մի մասը նրան հայհոյում է, մյուս մասը մեծարում է։ Մինչդեռ, իմ կարծիքով, հարցը պետք է քննարկել այլ հարթությունում, պետք չի քննարկել նրա անցյալը՝ հերո՞ս է, թե՝ դավաճան։ Պետք է քննարկել՝ նա ճի՞շտ է ասում, թե ճիշտ չի ասում։ Հիմա տեսեք, նրա փաստարկները հիմնված են կեղծ փաստերի վրա։ Օրինակ, նա ասում է, որ «Սասնա ծռերը» և Նիկոլ Փաշինյանը մեկ ամբողջություն են։ Դա վստահաբար այդպես չէ։ Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը, նրա ղեկավարած քաղաքական ուժը և «Սասնա ծռերը» բոլորովին տարբեր քաղաքական ուժեր են, տարբեր ընկալումներ, աշխարհայացքային տարբերություններ։ Դա ակնհայտ է։ Այսինքն, Վիտալի Բալասանյանը սխալ փաստերի վրա կատարում է սխալ եզրակացություններ և անում է սխալ հայտարարություններ, որոնք այս իրավիճակում բավականին վտանգավոր են, որովհետև լարվածություն են առաջացնում Հայաստանի և Արցախի միջև։ Էս առումով պետք է քննարկել հարցը և ոչ թե Վիտալի Բալասանյանը հերոս է, թե դավաճան և անցյալը, անցած մարտական ուղին պետք է նշանակություն չունենա, որովհետև, ի վերջո, նրա հիմնական թիրախը Ժիրայր Սեֆիլյանն է, որը նույնպես մարտական ուղի է անցել։ Այսինքն, պիտի դուրս գալ էդ հարթությունից և հարցը քննարկել՝ ճի՞շտ է ասում, թե՞ սխալ»,- նշել է Արմեն Բաղդասարյանը:
Մհեր Արշակյան
Ամբողջական՝ տեսանյութում