«  Մայիս 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Արման Գալոյան. Օգանովսկին ինչու մեղադրյալ չէ

Արման Գալոյան. Օգանովսկին ինչու մեղադրյալ չէ

ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանը՝ նույն ինքը Օգանովսկին, իրեն իրավունք է վերապահել մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները (ի դեպ, խեղաթյուրելով այդ հայտարարությունները), եւ ասել. «Ո՞նց կարելի է ազգը 2 մասի բաժանել, արյուն թափելուց միասին ենք, բայց հենց խաղաղություն է լինում, ազգը պետք է 2 մասի բաժանվի՞»:

Ով-ով, բայց գոնե Սամվել Կարապետյանն իրավունք չունի խոսելու ազգը երկու մասի բաժանելու մասին: Սա թեկուզ այն պարզ պատճառով, որ Սամվել Կարապետյանը առավել քան ակտիվ մասնակցություն է ունեցել մարտիմեկյան հրեշավոր իրադարձություններին՝ 2008թ. Հայաստանում սահմանադրական կարգի տապալմանը:

Ի դեպ, ծանոթանալով քրեական գործի նյութերին, առնվազն տարակուսելի է, թե ինչու Սամվել Կարապետյանը՝ նույն Օգանովսկին մինչեւ հիմա մեղադրյալի կարգավիճակում չէ՝ առնվազն որպես սահմանադրական կարգը տապալմանն օժանդակող:

Մինչ այդ, մի քանի մեջբերում այդ քրեական գործի նյութերից.

***
Հատված Ռ. Քոչարյանի մեղադրանքից.

«ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման ապօրինի նոր կառույցի կազմակերպմամբ, փետրվարի 24-ի գիշերն իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ. զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ, զինված և զրահատեխնիկայով համալրված, դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից, այդ թվում՝ սահմանային մարտական հերթափոխ իրականացնող զորամասերից, և տեղափոխվել Երևան քաղաքում կամ մայրաքաղաքի մերձակայքում տեղակայված զորամասեր: 

…Նույն ժամանակահատվածում Երևան քաղաք է տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ: Նշված ծառայողների մի մասը տեղակայվել է ՀՀ Կառավարության վարչական շենքի նկուղային տարածքում, իսկ մյուս մասը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում: Երևան քաղաքում տեղակայվելուց հետո, Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայողներին տրամադրվել է ՀՀ ՊՆ համազգեստ, իսկ տրանսպորտային միջոցների «ՊԲ» համարանիշերը փոխարինվել են «ՊՆ» համարանիշերով՝ քողարկելով այդ ուժերի ապօրինի ներգրավման հանգամանքը: 

Բացի այդ, Երևան քաղաք են տեղափոխվել և «Հրազդան» հյուրանոցում տեղակայվել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատի շուրջ 20 ծառայողներ»:

***

«Նախաքննությամբ փաստացի տվյալներ են ձեռք բերվել, որ ԼՂՀ-ից բերված զինվորականները՝ Մուրադ Աբրահամյանի եւ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ տեղակայվել են Լեո եւ Պարոնյան փողոցներում: Այդ համահավաք գումարտակը գործողություններ է կատարել՝ ինքնաձիգերից մարտական փամփուշտներով անկանոն կրակոցներ արձակել»:

***

Քննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Սամվել Կարապետյանը ԼՂՀ-ից Երեւան եկած զորամիավորումից առանձնացրել է առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն 60 հոգու, որոնց պարզաբանել է հնարավոր կատարվելիք գործողությունների մասին եւ հայտնել, որ հարկ եղած դեպքում հրաման է տրվելու կրակ բացել ժողովրդի վրա: Առանձնացված 60 հոգանոց խմբից նման հրաման կատարելու պատրաստակամություն է հայտնել 20 հոգի: Այնուհետեւ նրանց տեղափոխել է նախագահական նստավայր եւ տեղավորել նկուղային հարկում, որտեղ հանդերձավորել է դաշտային սպայական հանդերձանքով:
Ս.Կարապետյանը հարցաքննությամբ թեեւ հերքել է դա, բայց ասել, որ յուրաքանչյուր զինծառայող եղել է իր հաշվեցուցակային զենքով:

Արման Գալոյան