Արմեն Բաղդասարյան. «Նիկոլ Փաշինյանը կարողացել է խաբել ժողովրդին»
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը չի խոսում Արցախի կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի մասին, որովհետև նրան արգելել են դա անել:
«Նա վախենում է, ենթադրում եմ՝ Ալիևը սպառնացել է, որ՝ դու այդ հարցը չբարձրացնես, թե չէ՝ այս կանենք, այն կանենք: Փաշինյանն էլ համարում է, որ դա ճիշտ է, և այդ հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի և, ինչպես ինքն է ասում՝ ԼՂ հայության միջև երկխոսության միջոցով։ Այսինքն՝ կարծում է, որ այդտեղ Հայաստանն անելիք չունի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ըստ Բաղդասարյանի՝ Փաշինյանը բացարձակապես պատրաստ չէր մյունխենյան կոնֆերանսի ժամանակ Ալիևի հետ բանավեճին. «Ավելին, նա շարունակում է կրկնել այն նույն սխալները, որ արել է դեռևս մյունխենյան առաջին հանդիպման ժամանակ: Ընդհանրապես, նրա պատասխաններն ադեկվատ չէին ո՛չ առկա խնդիրներին, ո՛չ մարտահրավերներին, ո՛չ Ալիևի առաջ քաշած պնդումներին»:
Արմեն Բաղդասարյանը մտահոգիչ է համարում, որ այս ծանրագույն իրավիճակում Հայաստանի Հանրապետությունն աշխարհին ներկայացնում է այնպիսի ինտելեկտով մեկը, ինչպիսին Փաշինյանն է.
«Դա, իսկապես, լուրջ սպառնալիք է: Դրա համար իսկապես շատ կարևոր է, որ այլ բանակցող լիներ։ Բայց Ալիևը, իհարկե, սխալ է, որովհետև Փաշինյանին «ընտրելով»՝ Հայաստանի ժողովուրդը չի ընտրել կապիտուլյացիան, նա ընտրել է Փաշինյանին այն պատճառով, որ նա կարողացել է շատ ճարպկորեն խաբել Հայաստանի ժողովրդին և համոզել, որ իբր թե դա ոչ թե կապիտուլյացիա է, այլ մեզ բերելու է խաղաղության դարաշրջան, և, որ Հայաստանն էլ մնալու է Արցախի անվտանգության երաշխավորը: Այսինքն՝ այդ ընտրությունների արդյունքները վկայում են ոչ թե Հայաստանի ժողովրդի կապիտուլյանտ լինելու մասին, այլ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կարողացել է խաբել ժողովրդին»:
Ավելին՝ սկզբնաղբյուրի տեսանյութում