«  Օգոստոս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Արմեն Խաչատրյան. «Սարսափում եմ, որ Տեր-Պետրոսյանի հերթական կանխատեսումը կարող է իրականություն դառնալ»

Արմեն Խաչատրյան. «Սարսափում եմ, որ Տեր-Պետրոսյանի հերթական կանխատեսումը կարող է իրականություն դառնալ»

«Մեդիալաբի» զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) կուսակցության վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը.

– Պարո՛ն Խաչատրյան, Արցախում ու Հայաստանում տիրող իրավիճակն ինչպե՞ս կգնահատեք:

– Կարող ենք արձանագրել, որ շարունակվում են կապիտուլյացիայի ծանր հետևանքները, ու ինչ հիմա կատարվում է, պետք է նայենք այդ համատեքստում: Ակնհայտ է, որ Հայաստանը զրկված է պաշտպանունակությունից, ուղղակի խարխլված է ամբողջ անվտանգության համակարգը և բացակայում է, ինչն ավելի ողբերգական է դարձնում իրավիճակը, դիվանագիտական մեր պոտենցիալը, այսինքն՝ մենք ոչ մանևրի հնարավորություն ունենք և ոչ էլ ունենք այնպիսի հաղթաթղթեր, որոնց միջոցով կկարողանանք խնդիրներ լուծել, ու որպեսզի պատկերն ամբողջական լինի, պետք է նշել նաև, որ ունենք իշխնություն, որը, մեղմ ասած, կոմպետենտ չէ: 

Գիտեմ՝ հարցնելու եք Բերձորի, Աղավնոյի հետ կապված, միանգամից հենց այդ օրինակի վրա կառուցեմ ասելիքս: Մենք ինչքան էլ հայհոյենք բոլոր այն իշխանություններին, որոնք հասցրեցին Հայաստանը նոյեմբերի 9-ին, միևնույն է, ուզենք թե չուզենք, պետք է արձանագրենք, որ նոյեմբերի 9-ը իրականություն է, որից ելնելով պետք է շարունակենք ապրել: Եվ այդ փաստաթղթով արձանագրված էր, ըստ էության, Բերձորի, Աղավնոյի, Սուսի հանձնելու պարտավորությունը: Ցավով եմ սա ասում, բայց մենք պետք է հասկանանք, որ կապիտուլացվել ենք, ու մեզ վրա դրված են պարտավորություններ, որոնք չկատարելու հնարավորություն չունենք՝ խոսքիս սկզբում նշած պատճառներով: 

Ի՞նչ պետք է աներ իշխանությունը. եթե ասում են, որ Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունները անակնկալ էին իրենց համար, դա իր հերթին շատ վատ է, բայց ես ունեմ մի տեսակ ներքին համոզում, որ, այնուամենայնիվ, իշխանությունները տեղյակ են եղել, ու հստակ եղել է պայմանավորվածություն, և այս դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ պատրաստ չեն այդ մարդկանց համար նոր բնակավայրեր, ինչո՞ւ են այդ մարդիկ վերջին պահին իմանում, որ պետք է ազատեն իրենց բնակավայրերը, ինչո՞ւ անպայման պետք է էսկալացիա լինի, նոր գնան համաձայնության, ընդ որում՝ այդ էսկալացիան ավելի շատ ապտակ էր, քան երկու կողմերի միջև լարվածության առաջացում, ու այս ամենը մեզ նորից նետում է մեծ նվաստացման մեջ և հեռու տանում արժանապատիվ խաղաղությունից: 

– Ստացվում է, որ ընդդիմադիր տարբեր գործիչների կողմից հնչող միտքը, որ եթե չլինի գործող իշխանությունը, ապա կարելի է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի պարտավորություններից խուսափել, իրականությանը չի՞ համապատասխանում:

– Եթե ընդդիմություն ասելով նկատի ունեք հրապարակի ընդդիմությանը, ապա կարող եմ ասել, որ հենց այդ քաղաքական ուժերն են գումարած գործող իշխանություն, մեզ բերել-հասցրել այս ողբերգությանը: Եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունից կամ համաձայնագրից հրաժարվում ենք, դա նշանակում է, որ մենք մարտահրավեր ենք նետում, հրաշալի է՝ ո՞ւմ հաշվին, ի՞նչ ռեսուրսով, ի՞նչ դաշնակիցներով, տնտեսական ու ռազմական ի՞նչ պոտենցիալով ենք մենք լուծում այս խնդիրը: 

Մեր բոլոր դժբախտությունները եկել են ստից ու կեղծիքից: Առաջին իշխանություններին սևացնելու համար այնքան «հողատու, դավաճան» որակումները տվեցին, որ այսօր, անգամ այս պարտությունից հետո, երբ խնդրի լուծումը ներկայացնում ես մարդուն, ասում ես՝ այս խնդրի լուծումը 97 թվականին ներկայացվածն էր, ու թեև բանականությունը հուշում է, որ դա իսկապես հաղթական լուծում կլիներ (ոչ միայն 97-ինը, ես նկատի ունեմ մինչև 20 թիվն առաջադրված առաջարկները), կլինեին մեզ համար հաղթական՝ մեկը ավելի լավ, մեկը՝ ավելի վատ, բայց միևնույն է, մենք կունենայինք ազատ Արցախ, երաշխավորված ու արժանապատիվ խաղաղություն:

Հենց սա է խնդիրը, որ այս պոռոտախոսության, հայհոյախոսության մեջ ընդհանուր բանականությունը խլացվում է: Այսօր էլ դեռ շարունակում են այդ արատավոր վարքը դրսևորել, որ մեր հայրենակիցների մոտ բանականությունը հետ է մղվում, ու դրա փոխարեն գերիշխող են դառնում էմոցիաները, պոռոտախոսությունը, և իրականությունից կտրվում են: 

– Պարո՛ն Խաչատրյան, Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհն ի՞նչ վտանգներ կառաջացնի Հայաստանի ու Արցախի համար, անխափան կապ հնարավոր կլինի՞ ապահովել:

– Խնդրին ավելի խորքային պետք է նայել. այո՛, այդ ճանապարհը կարող է գործել շատ անվտանգ ու անխափան: Այո՛, այդ ճանապրհը կարող է չգործել երբևէ, և Հայաստան-Արցախ կապը կարող է կտրվել: Խնդիրը ճանապարհը չէ, խնդիրն այլ է. պնդում եմ, որ պատերազմը պարտված իշխանությունը պետք է հեռանա, սա շատ կարևոր է։

Եվ որպեսզի դու կարողանաս քո ապագան կառուցել, դիվանագիտական պոտենցիալը պետք է մեծացնես: Իսկ տապալված իշխանությունը չի կարող այդ հարցերում որևէ բան հաջողել, ու ինչքան շուտ գլխավոր բանակցողի փոփոխություն լինի, այնքան ավելի շուտ տեղի կունենա այս թնջուկի լուծումը: Բայց, ցավոք, մենք իսկապես քաղաքակրթական ճգնաժամի մեջ ենք, ու ես վախեր ունեմ, որ Հայաստանում կարող է ձևավորվել քառակի անորակ իշխանություն։ Այնպես որ, գնալով ավելի են շատանում ու խորանում փակուղիները, իսկ ելքեր գտնելը դառնում է ավելի դժվար, թեև այնպես չէ, որ դրանք գոյություն չունեն:

– Հայաստանն այսօր դաշնակից երկրներ ունի՞ կամ միջազգային հանրության աջակցությունը, թեկուզ հենց իր տարածքային ամբողջականությունը պահպանելու, Արցախի հարցում:

– Նորից վերադառնանք նախորդ ասածիս՝ պատերազմը պարտված ուժի իշխանությունից հեռանալու մեխը չմոռանանք, ու ասեմ, որ դաշնակցային հարաբերությունները երկկողմանի են, որտեղ երկու կողմն էլ պետք է կատարի իր պարտավորություններն ու իրացնի իր իրավունքները: Եթե հետ գնանք երեք-չորս տարի առաջ, կուզենայի այս հարցը տալ հանրությանը․ մենք մեր պարտնյորին հասկացե՞լ ենք, թե մեզանից ինչ է ուզում, ինչ խնդիր է լուծում: Ակնհայտ էր, որ տեղի էին ունենալու աշխարհաքաղաքական փոփոխություններ, և Հայ ազգային կոնգրեսը դեռևս 2015 թվականին ասում էր, որ պետք է Սիրիային ուշադիր լինել, որովհետև այնտեղ է Ղարաբաղի խնդրի լուծումը։ 

Պետք է հասկանայինք, որ Ռուսաստանը ուկրաինական խնդիր է լուծելու՝ ապահովելով իր թիկունքը, օրինակ՝ պետք է չեզոքացնի թուրքական վտանգը և որպեսզի չեզոքացնի թուրքական վտանգը, անհրաժեշտ է, որ Թուրքիայի հետ գնա որոշակի կոնտակտների Ղարաբաղի հարցում: Այսպիսով՝ Ռուսաստանը կլուծեր իր խնդիրը Հարավային Կովկասում, կամրացներ իր թիկունքը, Թուրքիայից կապահովագրվեր ու կգնար ուկրաինական խնդիրը լուծելու: 

Ռուսաստանը դիմում է մեզ ու ասում՝ պետք է լուծենք այս խնդիրը, մենք ասում ենք՝ Արցախը Հայաստան է և վերջ, մենք մեր դաշնակցին ասում ենք՝ քո աշխարհաքաղաքական պլանները մեզ հետաքրքիր չեն, ու դրա հետևանք պատերազմի ժամանակ պահանջում ենք, որ ինքը գա մեր փոխարեն կռվի և հաղթի Ադրբեջանի դեմ: Չհասկացան, թե ինչ բան է դաշնակիցը. դաշնակցի հետ պետք է անընդհատ խաղի մեջ լինես, մենք հիմա կորցրել եք խաղը, խաղալու, մանևրելու հնարավորությունը մենք կորցրել ենք: Ողբերգությունն այստեղ է: 

– Պարո՛ն Խաչատրյան, այս պայմաններում, ի վերջո, Հայաստան-Ադրբեջան պետությունները խաղաղության պայմանագիր կկնքե՞ն: Եթե հնարավոր լինի դա, ի՞նչ բովանդակությամբ պայմանագիր է այն լինելու, այնպես, ինչպես ուզում է Ադրբեջա՞նը:

– Մենք սարսափելի պարտություն ենք կրել, ու ինձ շատ է վախեցնում այդ խաղաղության պայմանագրի բովանդակությունը, դրանով սահմանված պարտավորությունները: 1992 թվականից, որպես «Նոր ուղի» կուսակցության անդամ, որը «Խաղաղության» կուսակցություն էր, իսկ 2008 թվականից որպես ՀԱԿ անդամ, մի վայրկյան չեմ կասկածել խաղաղության հաստատման անհրաժեշտությանը, նույնիսկ 1993-1995 թվականներին առաջնագծում, խրամատում։ Իհարկե պետք է խաղաղություն հաստատվի, մենք պետք է գնայինք խաղաղության, ու մենք 94-ից հետո ունեցել ենք արժանապատիվ խաղաղություն կնքելու հնարավորություն, բայց ես այսօր սարսափում եմ այդ պայմանագրի տեքստից, բովանդակությունից, որովհետև, հիշում եք, չէ՞, (Վազգեն Սարգսյանի. խմբ) հայտնի խոսքերը, որ «Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու։ Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք»:

Այնպես որ, մեզ հիմա պարտադրելու են ամեն ինչ, ու ես չգիտեմ, թե մեր իմունիտետն այդ բոլոր պայմանների քանի տոկոսը կարող է չեզոքացնել: Շատ բարդ է իրավիճակը, դրա համար էլ ես կարծում եմ, որքան էլ ասածս տարօրինակ լինի, ներկա ստատուս քվոն պետք է պահպանվի: 

 – Ձեր խոսքում անընդհատ ընդգծում եք, որ պարտված իշխանությունը պետք է հեռանա, բայց ունենք այն, ինչ ունենք: Այս պարագայում Հայաստանին ու Արցախին ի՞նչ է սպասում:

– Ես միշտ վախեցել եմ Տեր-Պետրոսյանի գնահատականներից, որովհետև ինչպես պատմությունը ցույց տվեց, դրանք ճշգրիտ էին: Սարսափում եմ Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեկ այլ գնահատականից․ «Ազգի կեսը կործանել է, մյուս կեսն էլ կկործանի, կվերջանա»: Ավելի չմասնավորեցնեմ, այսպես լայն գնահատականը տամ, ես իսկապես վախենում եմ, որ Տեր-Պետրոսյանի հերթական կանխատեսումը կարող է իրականություն դառնալ, իսկ որ ասում եմ՝ իշխանությունը պետք է հեռանա, ավելի շատ դիմում եմ մեր հասարակությանը:

Շարքային քաղաքացին պետք է հասկանա, որ ինքն այլևս քվե չունի տալու պարտված իշխանությանը, որը երրորդ հանրապետության պատմության ընթացքի գլխավոր խնդիրը տապալեց, որից կախված էին մեր անկախությունը, սուվերենությունը, տարածաշրջանում գործելու, ապրելու կարողությունը։ Մյուսներն էլ՝ այսպես կոչված նախկինները, մի բան չէին, սրա հիմքը 1998 թ. իշխանափոխությամբ է դրվել։ 

Սակայն այս իշխանությունը, երբ պետք է կտրուկ շրջադարձի գնար ու հրաժարվեր այդ արկածախնդրությունից և լուծման գնար, տուրք տվեց նախկինների ոչմիթիզական մաքսիմալիզմին ու մեզ գցեց այս աղետի ու ողբերգության մեջ: 

Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

-->