Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով դարձավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ
Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով դարձավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից և կից ներկայացնում վարչապետի հրամանագիրը։
Տեղեկացվում է, որ առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 7-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին»,–ասված է հրամանագրում:
Հիշեցնենք`ապրիլի 6-ին գեներալ–մայոր Արշակ Կարապետյանն ազատվել էր ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Կարապետյանը ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից հեռացվել էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմից գրեթե անմիջապես հետո։