«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Արթուր Դավթյանն ընդունել է ԵԱՀԿ հակակոռուպցիոն փորձագիտական խմբի անդամներին

Արթուր Դավթյանն ընդունել է ԵԱՀԿ հակակոռուպցիոն փորձագիտական խմբի անդամներին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող ԵԱՀԿ փորձագիտական խմբի անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ հակակոռուպցիոն պայքարը հանրային հստակ ձևակերպվող պահանջների համատեքստում Հայաստանում հռչակվել է որպես հիմնական առաջնահերթություններից մեկը: Եվ չնայած քրեական հետապնդման մարմինների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում արձանագրվել են աննախադեպ արդյունքներ, սակայն համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունն զգալի է՝ հատկապես հակակոռուպցիոն պայքարի կանխարգելման, վերահսկման և հանրային իրազեկման բաղադրիչների ուժեղացման ուղղություններով:

Այս իմաստով Արթուր Դավթյանը կարևոր է համարել միջազգային կառույցների և մասնավորապես ԵԱՀԿ-ի հետ Հայաստանի Հանրապետության սերտ համագործակցությամբ և փորձագետների ներգրավմամբ տարբեր երկրների կուտակած փորձի ուսումնասիրումը՝ հատկապես հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելների ընտրության և տեղայնացման ոլորտում:

Փորձագիտական խմբի ղեկավար Անդրեյ Մունտեան նշել է, որ իրենց նպատակը Հայաստանում սկսված հակակոռուպցիոն բարեփոխումներին փորձագիտական աջակցության ուղղվածության հստակեցումն է և դրանից բխող առաջարկությունների փաթեթ ներկայացնելը: Այս տեսանկյունից փորձագիտական խմբի ղեկավարը կարևոր է համարել բարեփոխումների տեսլականի շուրջ ՀՀ դատախազության դիրքորոշումներին ծանոթանալը՝ հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարում վերջինիս ունեցած առանցքային դերակատարությունը:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի կենտրոնացված և ապակենտրոնացված մոդելային լուծումներին առնչվող հարցեր, դրանցից յուրաքանչյուրի կոնցեպտուալ առավելություններն ու հնարավոր թերությունները, ռիսկերը:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծում, որը թույլ չի տա կորցնել կոռուպցիայի դեմ պայքարում հանրության վստահության արդեն իսկ ձեռքբերված կապիտալը և նվազագույնի կհասցնի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունն ու վճռականությունը սուբյեկտիվ գործոններով պայմանավորելու ռիսկերը:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ դատախազության ներկայացուցիչների և փորձագիտական խմբի միջև ընդլայնել համագործակցությունը ըստ անհրաժեշտության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակման հարցում: