«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


Ասողիկ աբեղա Կարապետյան. Նուռը ևս օրհնության պտուղ. ՆՌՆՕՐՀՆԵՔ

Ասողիկ աբեղա Կարապետյան. Նուռը ևս օրհնության պտուղ. ՆՌՆՕՐՀՆԵՔ

Նուռը ևս օրհնության պտուղ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ 2014 թ. Հայոց Եկեղեցում հաստատվեց մի նոր բարեպաշտական արարողություն` նռան օրհնություն:
Դեկտեմբերի 31-ին, ժ. 00.00-ին՝ մեր բոլոր եկեղեցիներում կկատարվի նռան օրհնություն:

ՆՌՆՕՐՀՆԵՔ
 Տակավին նախաքրիստոնեական ժամանակաշրջանում նուռն իր խորհրդանշական իմաստով եղել է Հայոց դիցարանի հետ կապված խորհրդանիշ և պատկերվել հայկական մշակույթում և արվեստում:

Նուռն իր խորհրդանշական իմաստով նաև մաս է կազմել Քրիստոնյա Հայաստանի խորհրդանշանային համակարգի: Դեռ վաղ միջնադարից նուռը, ի շարս այլ բուսական մոտիվների, պատկերվել է եկեղեցական ճարտարապետության, խճանկարչության, մանրանկարչության և կիրառական արվեստներում:

Հայոց Եկեղեցու աստվածաբանական միտքը կատարել է նաև նռան մեկնաբանությունը, որն առաջին հերթին տեղ է գտել Սբ Ավետարանի խորանների մեկնություններում, որոնք հեղինակել են Ստեփանոս Սյունեցին, Սբ Ներսես Շնորհալին, Վանական վարդապետը, Գրիգոր Խլաթեցին (Ծերենց), Սբ Գրիգոր Տաթևացին, Պողոս Րաբունապետը (ինչպես նաև ԺԱ.-ԺԷ. դարերի անանուն հեղինակներ):

Նռնենու պտուղը խորհրդանշում է մարգարեներին. դառը կեղևը Հին Կտակարանի Օրենքն է ու մարգարեությունները, որոնք կանխասացական վկայություններով նախապատրաստում էին Փրկչի գալստյանը և ավետում աստվածային փրկագործությունը: Կեղևի մեջ պարփակված կարմրագույն պտուղը` Սբ Ավետարանն է (իմա Տեր Հիսուս Քրիստոս), որն իր քաղցրությամբ` աստվածային սիրով, զոհաբերությամբ ու շնորհներով պարգևեց փրկություն և հավիտենական կյանք. «Իսկ երբ մեր Փրկիչ Աստծո քաղցրությունը և մարդասիրությունը հայտնվեց, - ոչ այն արդարության գործերի համար, որ մենք արեցինք, այլ, իր ողորմության համաձայն, - փրկեց մեզ վերստին ծննդյան ավազանի միջոցով և նորոգությամբ Սուրբ Հոգու, որ թափեց մեր վրա առատությամբ մեր Փրկչի` Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի, նրա շնորհով արդարացված, ժառանգներ լինենք հավիտենական կյանքի հույսով» (Տիտոս Գ. 4-7):

Նուռն իր հոգևոր խորհրդաբանությամբ նաև ներկայացնում է մարդու երկրավոր ու երկնային կյանքը. դառը կեղևն իր վեցաթերթ թագապսակով խորհրդանշում է երկրավոր կյանքը, որը պետք է պսակված լինի աստվածային երեք շնորհների` հավատքի, հույսի, սիրո թագով, որոնք համապատասխանաբար առնչվում են Ամենասուրբ Երրորդության երեք Անձերին` Հորը (հավատք) և Որդուն (հույս) և Սուրբ Հոգուն (սեր): Իսկ նռան կարմրագույն պտուղը խորհրդանշում է առաքինական գործերով (հատիկներ) զարդարված անձի հաղթանակը` աստվածացումը (կարմիր գույն) և Երկնի արքայության անճառելի քաղցրությունը: Այդ աստվածային շնորհների ներգործությամբ է, որ մարդ հաղթահարում է երկրավոր կյանքի դառնությունը` փորձություններն ու նեղությունները և հաջողությամբ պսակում հավատքի բարի պատերազմը` մուտք գործելով Երկնի արքայություն. «Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատքը: Ուստի ինձ է սպասում արդարության պսակը, որը, որպես հատուցում, ինձ պիտի տա Տերը` արդար Դատավորը, այն օրը, և ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, որ սիրեցին նրա հայտնությունըե»(Բ. Տիմոթ. Դ. 7-8): 

Եվ այսպես, հոգևոր կյանքում նուռը հանդիսանում է ներկա և գալիք կյանքի խորհրդանիշ, ուստիև հենց Ամանորի սեմին նռան օրհնությունը չափազանց ուշագրավ է և հոգեշահ. «Որպես իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի ըստ Աստծո շնորհի, որ տրված է ինձ, բայց ուրիշն է, որ շինում է. սակայն յուրաքանչյուր ոք թող զգույշ լինի, թե ինչպես է շինում, որովհետև այլ հիմք ոչ ոք չի կարող դնել, քան այն դրված հիմքը, որ է Հիսուս Քրիստոս» (Ա. Կորնթ. Գ. 10-11):

Ասողիկ աբեղա Կարապետյան

Լուսանկարում`
Զվարթնոցի տաճարի հարթաքանդակներից մի դրվագ, Է. դար