Ավետ Գրիգորյան. Երկու Նիկոլներն էլ սպառնալիք են մեր պետությանը
Փաշինյան Նիկոլի մոտ ի հայտ եկել երկվություն։
Պարզվում է՝ կա տարբեր պահվածքով ու գործելով, նաեւ տարբեր ընկալումներով, երկու Նիկոլ։ Կա ներհայաստանյան Նիկոլ եւ Նիկոլ՝ դրսում ու դրսի համար։
Ներհայաստանյան Նիկոլը հայտնի է որպես սկզբունքայնության յուրահատուկ ընկալումով անձ՝ երեկվա ասածը այսօր հերքող, ինչի բազմաթիվ օրինակներ կան։
Հիշենք մեկը՝ Արցախի համար ճակատագրական «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը եւ դրան հաջորդած՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ճանաչումը։
Նա եսակենտրոնություն, սեփական մեծության ու արտասովոր նշանակության մասին համոզմունք ունեցող՝ «Կառավարությունը ես եմ» ասած անձ է։ Զարմանալի է, որ մինչեւ հիմա չի ասել «Ազգային ժողովը ես եմ», քանի որ հայտնի չէ գործող խորհրդարանում նրա՝ «Կառավարությունը ես եմ»- ի, կողմից արված առաջարկի գոնե մեկ քվեարկություն, որին ՔՊ-ականներից գոնե մեկը ոչ թե դեմ, այլ նույնիսկ ձեռընպահ եղած լինի։
Նա խորամանկություն, մանիպուլյացիայի հակում, վարքագծային վատ վերահսկողություն, զղջման բացակայություն, սեփական արարքների համար պատասխանատվությունից հրաժարում ունեցող անձ է։
Այս բնութագրիչներից ցանկացածը հիմնավորող բազմաթիվ օրինակներ նույնպես կան։
Նա արդարադատության, օրինապահության յուրահատուկ ընկալում ունեցող է, ինչի ամենացցուն դրսեւորումը ի հայտ եկավ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ իր սանձազերծած արշավում, ինչը սկսվել ու շարունակվում է օրինականության կոպտագույն խախտումներով։
Նրա համար ամենասարսափելի բանը շրջապատին անհետաքրքիր և աննշան լինելն է:
Դրա համար հեծանիվ է քշում, թմբուկ զարկում, «վարչաբենդ» շոու սարքում, ցուցադրական պատարագներ կազմակերպում, այդ ամենին ներգրավելով իր շրջապատին, որում կան տարբեր ժամանակ ու պատճառներով իր զոհը դարձած, նաեւ կրթված, վառ ու հետաքրքիր անառակ որդիներ, որոնք հարաբերությունների անխուսափելի ավարտին կնմանվեն օձի դեն նետված մաշկի՝ առանց ուժի, առանց տոնուսի, առանց կամքի։ Նրանց, որպես անհատ, վերականգնման գործընթացը երկար ժամանակ կպահանջի։
Դրսում նա միշտ փորձում է ցուցաբերել վարքագծային զուսպ պահվածք՝ համեմված հարկի ու անհարկի ժպիտներով։ Դրսում նա չի գոռգոռում ու ելույթների ժամանակ ձեռքերի անկանոն շարժումներ չի անում, ինչը անպակաս է հայաստանյան ելույթներում։
Դուրսը չտեսնելու է տալիս նրա անսկզբունքայնության դրսևորոմները։
Դուրսը չի տեսնում ժողովրդավարության իրենց իսկ հռչակած արժեքների ամենօրյա ոտնահարումները Հայաստանում, ազատության սահմանափակումների բազմաթիվ դեպքերը։
Դրսի այսպիսի պահվածքի պատճառը մեկն է՝ Դուրսը նրան ընկալում ու դիտարկում է որպես ներհայաստանյան ու տարածաշրջանային աշխարհքաղաքական խնդիրների՝ իրենց շահերին համապատասխան լուծումներ տալու հարմար ղեկավար, որին պետք է փայփայել ու պահպանել իրենց ցանկացածը էլի ու էլի ստանալու համար։
Պատահական չեն Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի անթաքույց հայտարարությունը, եւ ԱՄՆ փոխնախագահ Վենսի աջակցություն ցուցաբերելու առաջարկը, Փաշինյանին տեսնելու 26-ի ընտրություններում հաղթանակածի։
Իսկ Հայաստանում Նիկոլով հրապուրվածներին ու դրսին լավագույնս բնութագրում է մի ասույթ՝ ամենավտանգավոր կույրը դա այն տեսողություն ունեցողն է, որը չի ուզում տեսնել։
Երկու Նիկոլներն էլ սպառնալիք են մեր պետությանը եւ օր առաջ նրանցից ազատվելը յուրաքնչյուր բանական քաղաքացու համար պիտի լինի ուղենիշ մոտակա՝ հունիսյան ընտրությունում։


