«Այսպիսի կարծիք հայտնողները լրագրողի վկայական կամ պատգամավորի մանդատ չպետք է ունենան»
Բոլոր նրանք, ովքեր վկայակոչելով մեր ամենա-ամենա ազգային, ամենաանկրկնելի, դարերի խորքից եկած ավանդական արժեհամակարգը՝ արդարացնում են բռնությունը, կլինի դա սեռական, թե՝ այլ կարգի, երեխաների նկատմամբ, թե՝ մեծերի, ովքեր պնդում են, թե այս խնդիրների մասին խոսել չարժի, թե այս թեմաները մեր խիստ յուրօրինակ նկարագրին հարիր չեն ու մեզանում կամ չկան, կամ այնքան քիչ են, որ հիշատակել չարժի ու չպետք է բարձրաձայնվեն՝ հոգեբույժի կամ, լավագույն դեպքում, հոգեբանի կարիք ունեն։ Բժիշկը պարտադիր է հատկապես այն դեպքում, եթե այդպես պնդողները լրագրողներ կամ պատգամավորներ են։ Պատգամավորը դեռ ոչինչ, սովոր ենք այդ շենքում տարաբնույթ թյուրիմացություններ տեսնել, բայց լրագրողը․․․
Այսպիսի կարծիք հայտնողները, եթե ցանկանում են, որ իրենց հավատանք ու ստախոս չանվանենք՝ այծի մորթի ու չարոխներ հագած պետք է ազգային ժողով կամ խմբագրություն գնան։ Ավելի սկզբունքային լինելու դեպքում լրագրողի վկայական կամ պատգամավորի մանդատ էլ չպետք է ունենան։ Նման թիթիզությունները խորթ են մեր ավանդական արժեհամակարգին ու, բնականաբար, ըստ իրենց՝ մերժելի։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյան