Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը հայտնի է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին»,– նշված է փաստաթղթում։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում մայիսի 11-ից։
Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։ Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին անգամ չընտրեց «Իմ քայլը» խմբակցության կողմից ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Երեկ կայացավ երկրորդ քվեարկությունը, և պատգամավորները կրկին չընտրեցին նրան։