Բաց նամակ. Հայրապետյանը հայտարարում է, որ իր ՀՊՏՀ ռեկտոր դառնալու հարցը «վերևներում» արդեն որոշված է
ՀՊՏՀ կառավարման ամբիոնի աշխատակիցները բաց նամակով դիմում են ՀՀ ԿԳ նախարարին ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել ամբիոնի վարիչի աշխատելաոճին. Բաց նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանին
Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի պարոն նախարար,
ՀՊՏՀ Կառավարման ամբիոնը ավելի քան 27 տարվա պատմություն ունի: Այս տարիների ընթացքում ամբիոնը մշտապես աչքի է ընկել իր բարի համբավով, պրոֆեսորադասախոսական կազմի բարձր մասնագիտական պատրաստվածությամբ, ներքին բարոյահոգեբանական առողջ միջավայրով, անձնակազմի համախմբվածությամբ: Այս մասին կարող են վկայել համալսարանի, և՛ աշխատակիցները, և՛ ուսանողները, և՛ ամբիոնի այն շրջանավարտները, ովքեր ՀՀ աշխատաշուկայում զբաղեցնում են բարձրաստիճան տարբեր պաշտոններ:
2018թ. սեպտեմբերին ամբիոնի վարիչ Յու. Մ. Սուվարյանը, իր դիմումի համաձայն ազատվել է ամբիոնի վարիչի պաշտոնից: Նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման 3,5 ամիսների ընթացքում արդեն խաթարվել է ամբիոնի բնականոն աշխատանքը, և, որ ամենակարևորն է՝ բարոյահոգեբանական մթնոլորտը, որի պայմաններում այլևս անհնար է աշխատել: Ռ. Հայրապետյանը սպառնում է ամբիոնի աշխատակիցներին աշխատանքից ազատումով: Ըստ նրա, բոլոր այն դասախոսները, ովքեր համաձայն չեն իր կամայականությունների հետ, կամ համարձակվել են արտահայտել իր կարծիքին հակառակ կարծիք և բարձրաձայնել նրա ապօրինություններն ու խախտումները՝ չեն ունենալու ուսումնական ծանրաբեռնվածություն: Ժ/պ-ի անբարյացակամ և ամբարտավան վերաբերմունքը ամբիոնի հիմնական և երկար տարիների ստաժ ունեցող պրոֆեսորադասախոսական կազմի հանդեպ, ինչպես նաև աշխատանքի ընթացքում բազմաթիվ կարգերի խախտումներն ու 3-4 յուրայիններին տրվող կասկածելի արտոնությունները՝ անհանդուրժելի են ամբիոնի գերակշիռ մասի կողմից: Ամբիոնի գրեթե բոլոր նիստերի ընթացքում վարիչը իր մեկնաբանություններով փորձում է բացառապես ինքնահաստատվել, ինչը էլ ավելի է մեծացնում իր և ամբիոնի մեծաթիվ այլ անդամների միջև իր իսկ կողմից ստեղծած անջրպետը:
Ռ. Հայրապետյանը ամեն տեղ հայտարարում է, որ մեր ընդդիմանալուն շատ քիչ ժամանակ է մնացել, քանի որ իր ՀՊՏՀ ռեկտոր դառնալու հարցը «վերևներում» արդեն իսկ որոշված է և առավելագույնը փետրվար ամսին՝ ինքը կնշանակվի համալսարանի ռեկտոր: Սակայն, եթե նա ունակ չէ անգամ իրեն կառավարել, կամ համարժեք հարգանք ցուցաբերել ընդամենը մեկ ամբիոնի անձնակազմի նկատմամբ, լսել և հարգել մյուսների կարծիքը, կառավարել կոնֆլիկտները, ինչպե՞ս նա կարող է կառավարել մեր համալսարանը:
Մեծարգո պարոն Վարչապետ, հարգելի նախարար, պրոֆեսոր Ռ. Հայրապետյանի թույլ տված կամայակնությունների և վարքագծի առնչությամբ, ինպես բանավոր այնպես էլ գրավոր կերպով տեղեկացրել ենք համալսարանի ռեկտոր Կ. Աթոյանին, սակայն խնդիրը մինչ օրս լուծում չի գտել: Ուստի, խնդրում ենք ձեր միջամտությունը ՀՊՏՀ կառավարման ամբիոնի բնականոն աշխատանքի վերականգնման և վարիչի պաշտոնակատարի կամայականություններին վերջ դնելու հարցում: Մենք նպատակահարմար չենք գտնում Ռ. Հայրապետյանի պաշտոնավարումը և պահանջում ենք, մինչև մրցույթ հայտարարելը՝ նշանակել նոր ժամանակավոր պաշտոնակատար: Միևնույն ժամանակ խնդրում ենք զսպել Ռ. Հայրապետյանի ռեկտոր դառնալու անառողջ ամբիցիաները, քանի որ դրանց բավարարումը համալսարանում կստեղծի պայթյունավտանգ իրավիճակ:
Հարգանքներով՝
ՀՊՏՀ կառավարման ամբիոնի աշխատակիցներ