«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Բարձրավանի հիմնախնդիրները՝ ՀԱԿ-ի ուշադրության կենտրոնում, իսկ Շուռնուխում և Որոտանում գրոհ էր Կարեն Լազարյանի գովազդային պաստառների դեմ

Բարձրավանի հիմնախնդիրները՝ ՀԱԿ-ի ուշադրության կենտրոնում, իսկ Շուռնուխում և Որոտանում գրոհ էր Կարեն Լազարյանի գովազդային պաստառների դեմ

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունից Գորիս համայնքի ավագանու անդամի թեկնածուներ Կարեն Լազարյանը, Տիգրան Հայրապետյանը, Նարե Հովհաննիսյանը եւ Արման Մեժլումյանը հոկտեմբերի 12-ին Բարձրավանում էին:

Նախընտրական քարոզարշավն այնտեղ իրականացնելու  եւ բնակիչների մտահոգություններին ծանոթանալու համար Բարձրավան էին այցելել նաեւ ՀԱԿ-ի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը, վարչության իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը:

Բազմաթիվ հիմնախնդիրների տակ կքած Բարձրավանում մարդկանց հատկապես մտահոգում է Մ 2-Բարձրավան 8 կմ երկարությամբ ճանապարհի անմխիթար վիճակը, որը ձմռան ամիսներին հաճախ անանցանելի է դառնում:

Մտահոգիչ է կաթի մշակման կամ մթերման հնարավորությունների բացակայությունը, երիտասարդների համար աշխատատեղերի  լիակատար բացակայությունը:

Հատկապես վերջին հանգամանքն է գլխավոր պատճառը, որ պատանիներն ու աղջիկները վաղուց չեն մնում գյուղում, ինչի հետեւանքով փակման հանգրվան է հասել գյուղի դպրոցը, ու վտանգված է լեռնային այդ գյուղի ապագան:

Գյուղը նաեւ այլընտրանքային ճանապարհի կարիք ունի, որը հնարավորություն կտա կապ ստեղծել Տաթեւ-Կապան մայրուղու հետ, ինչը, միաժամանակ, անվտանգության լրացուցիչ երաշխիք կլինի սահմանամերձ այդ բնակավայրի համար:

Իսկ աշխատատեղերի ստեղծման ամենառացիոնալ տարբերակը կարող է լինել, ըստ գյուղաբնակների, բնակավայրում հատապտուղների, վայրաճ մրգերի  ընդունման եւ մշակման արտադրամասի հիմնումը, քանզի գյուղի մերձակա անտառներն ու դաշտերը հարուստ են այդ հումքով:

Բարձրավանից վերադառնալիս «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ներկայացուցչները եւ Գորիսի ավագանու անդամի թեկնածուներն ուխտագնացություն կատարեցին Սյունյաց աշխարհի Բղեն գավառի սրբավայրերի պսակ Նորավանք:

ՀԱԿ-ի ներկայացուցիչներն այնուհետեւ այցելեցին Շուռնուխ եւ ծանոթացան տնազուրկ դարձած շուռնուխցի 12 ընտանիքի համար կառուցվող անհատական  բնակշենքերի շինարարության ընթացքին, որը, ըստ տեղացիների, դանդաղում է, եւ քիչ հավանական է, որ տարեվերջին (ինչպես խոստացել էին)   շահագործման կհանձնվեն:

Շուռնուխի որոշ բնակիչները դատապարտելի համարեցին տեղական իշխանավորների՝ երբեմն լկտիության հասնող կամայականությունները:

Ինչ-որ ելուզակներ Շուռնուխում զանգվածաբար վնասել կամ պատերից հանել էին Գորիսի ընտրությունում ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Կարեն Լազարյանի լուսանկարով պաստառները:

Ի դեպ, ՀԱԿ-ի գովազդային պաստառների հանդեպ նման վայրագություն էր կատարվել նաեւ Որոտան գյուղում:

Շուռնուխում եւ Որոտանում, որքան էլ տարօրինակ է, որեւէ վնաս չէր պատճառվել մրցակից երկու քաղաքական ուժի գովազդային պաստառներին:

Սյունյաց Երկիր