«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

«Դուց» զորամասի զինծառայողները հարազատներին ասել են, որ նոյեմբերի 15-ին շրջափակման մեջ էին

«Դուց» զորամասի զինծառայողները հարազատներին ասել են, որ նոյեմբերի 15-ին շրջափակման մեջ էին

Հայաստանի արևելյան սահմանագոտում օրեր առաջ գերեվարված զինծառայողները Վանաձորի «Դուց» անունով հայտնի զորամասից են։

Հարազատները պատմում են, որ դեռ նոյեմբերի 7-ին Սիսիանի դիրքեր մեկնած զինծառայողների հետ վերջին անգամ կապ են հաստատել ամսի 15-ին ու տեղեկացել, որ նրանք շրջափակման մեջ են։Այս մասին գրում է Ազատությունը-ը։ 

Գերի ընկած վանաձորցի պայմանագրայիններից մեկի կինը, որի անունը չենք հրապարակում անվտանգության նկատառումներով, լրատվականին  ասաց, թե իրենց հաշվարկներով մի ամբողջ օր ամուսինն իր մարտական ընկերների հետ շրջափակման մեջ է եղել. - «15-ի օրը ես իրա հետ խոսացի։ Ասի՝ լսել եմ` դիրքեր են վերցրել։ Ինձ ասաց՝ էդ մեր պոստերն ա...Ամսի 14-ի օրվանից շրջափակման մեջ են եղել... Ինչ-որ հաց էլ չեն կարողացել տանեն... »

Նոյեմբերի 17-ին արդեն ադրբեջանցիների տարածած տեսանյութերում է տեսել ամուսնուն. - «Մի վիդեոյի մեջ էլ աչքերը կապած գլխին են խփում... Հետո խոսում են, ասում են՝ ասա Ղարաբաղը Ադրբեջան ա։ Ձենը լսում եմ պարզ, էդ ինքն ա։ Մի տեղ էլ ծեծում են, ինչ են անում... բայց դեմքը չկա, չի երևում, ցույց չի տալիս, բայց իրա ձենն ա, գոռում ա»...

Մեկ ուրիշ վանաձորցի ընտանիքում կինն ասում է՝ ամուսինը Վանաձորի «Դուց» կոչվող զորամասում ընդամենը 10 օրվա պայմանագրային զինծառայող էր, արցունքների միջից պատմում է ու կասկածներ հայտնում, թե երևի անգամ կրակել չգիտեր։

«Դուցում» պահպանության գծով նրա նախկին հաստիքը կրճատվել է, որոշել է անցնել պայմանագրային ծառայության. - «Առաջին անգամ դիրքեր էր բարձրացել, ոչ մի բանից տեղյակ չէր: Մենք գիտենք, որ իրենք 8 ժամ շատ թեժ մարտեր են արել, մեզ ասել են, որ իրենք մինչև վերջ կռվել են հերոսաբար, արդեն այլընտրանք չի եղել, շրջափակման մեջ են իրենց գցել, ու փառք Աստծո, որ գոնե չեն զոհվել, որովհետև մեծ մասը զոհվել է»։

Վանաձորցի կանանց տեղեկություններով` դիրքապահների հրամանատարը ևս գերի է ընկել։ Նա էլ Վանաձորից է։

Երեկ արդեն վանաձորցի ընտանիքները դիմել են գերիների հարցերով զբաղվող կառույցներին՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբ, Կարմիր խաչ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։

«Սպասում եմ, որ կգա, ուրիշ բան չեմ ուզում», - ասում է կանացից մեկը:

Գերի ընկած այս երկու վանաձորցիներն էլ անչափահաս երեխաների հայրեր են։ Ընտանիքներում ասում են՝ կիսում էին 44-օրյա պատերազմին գերի ընկածների հարազատների ցավը, կարեկից դառնում նրանց՝ երբեք չմտածելով, որ այս ահռելի ծանրությունը մի օր իրենց էլ բաժին կհասնի. -«Լացում էինք, աղոթում էինք իրենց համար, պատկերացնում էի այդ ընտանիքների վիշտը, ցավը, հիմա մենք էլ արդեն նույն ապրումներն ունենք»: