ԵԱՏՄ երկրների Հանրային պալատը կոչ է արել աշխարհին օգնություն ցուցաբերել Արցախի ժողովրդին
ԵԱՏՄ երկրների հանրային պալատը կոչ է արել Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին, միջազգային հասարակական եւ մարդասիրական կազմակերպություններին հումանիտար օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
«Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներս եւ կողմնակիցներս Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, մտահոգություն ենք հայտնում հումանիտար իրավիճակի կապակցությամբ, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում հաղորդակցության միակ հանգուցային ուղու արգելափակման արդյունքում, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք, որով տարածաշրջան են հասցվել կենսական նշանակության ապրանքներ, պարենամթերք եւ բժշկական օգնություն։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում դադարեցվել է գազի մատակարարումը, տեղի են ունենում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ։
Արդյունքում 120 000 մարդ, այդ թվում՝ 30 000 երեխա, հայտնվել է ծանր վիճակում։
Այս ամենը սպառնալիք է ստեղծում մարդկանց առողջության եւ կյանքի համար եւ խախտում է Ժնեւի կոնվենցիաները եւ 1949 թվականի օգոստոսի 12-ի եւ 1977 թվականի հունիսի 8-ի լրացուցիչ արձանագրությունները, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության եւ միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը:
Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներս եւ աջակիցներս Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, անկեղծորեն մտահոգված ենք ստեղծված ծանր իրավիճակով, որը մոտ է հումանիտար աղետին եւ դիմում ենք Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին, միջազգային հասարակական եւ հումանիտար կազմակերպություններին՝ կոչ անելով մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակը հումանիտար աղետի չհասցնել եւ ապաշրջափակել «կյանքի ճանապարհը»», – ասվում է հայտարարությունում։
«Եվրասիական տնտեսական միության երկրների Հանրային պալատ» միջազգային նախագիծը զարգանում է Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ղրղըզստանի, Բելառուսի, Ուզբեկստանի եւ մի շարք այլ երկրների հասարակական գործիչների նախաձեռնությամբ: ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի ձեւավորման մասին ազդարարումը տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարի 22-ին։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։