Կարեն Հեքիմյան. Իսկ ընտրություններին կարո՞ղ են մասնակցել բնության մեջ գոյություն չունեցող հասցեների բնակիչները
Evocabank-ն անթաքույց սպասում է բոլշևիկների երկրորդ գալստյանը
Ըստ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ-ի ընտրություններին կարող են մասնակցել բացառապես ՀՀ անձնագիր ունեցող անձինք: Վերջինս ակնարկում է, որ Սամվել Կարապետյանն ընտրություններին մասնակցել չի կարող: Ենթադրենք` այդպես է: Իսկ կարո՞ղ են ընտրությունների մասնակցել բնության մեջ գոյություն չունեցող հասցեների բնակիչները:
Ուրեմն, Երևանում Կասյանի անվան փողոց վաղուց չկա: Փոխարենը նույն վայրում կա Վազգեն 1-ին Վեհափառի անվան փողոց: Սակայն, Վազգեն 1-ին Վեհափառի անվան փողոցում կան Կասյանի անունը կրող ցուցանակներ: Օրինակ` «Կասյան 5» գոյություն չունեցող հասցեում գործում է բոլշևիկ Կասյանի անունը կրող Էվոկաբանկի մասնաճյուղը: Բացի դրանից` գոյություն չունեցող «Կասյան 1|61», «Կասյան 1» և «Կասյան 7» հասցեներում գործում են համապատասխանաբար` Helens travel օտարալեզու և «Աֆելի» ու Exchange կիսաօտարալեզու կազմակերպությունները (թող ների ինձ «խիստ ծանրաբեռնված Լեզվի կոմիտեն իր անունը հիշատակելու համար):
Հիմա, Փաշինյան Նիկոլ, սրանք կարո՞ղ են ընտրությունների մասնակցել, թե՞ չեն կարող: Տրամաբանորեն` եթե Սամվել Կարապետյանը չի կարող, ապա տարաբնույթ էվոկաբանկերը եռակի անգամ չեն կարող: Նախ` որովհետև գործում են անհայտ հասցեներում:
Դրանից բացի` անգամ իրենց «անվանումներով» փորձում են տապալել ՀՀ-ում գործող սահմանադրական կարգը: Այլ բացատրություն չկա. տարաբնույթ էվոկաբանկերը անթաքույց սպասում են բոլշևիկ Կասյանի երկրորդ գալստյանը, իսկ Երևանի քաղաքապետարանը «լուռ ծխում է» Արգիշտիի անվան փողոցում:


