«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՀԱԿ. Մարտի 1-ի հանցագործությունը մնում է չբացահայտված, հանցագործության կազմակերպիչները՝ չպատժված (տեսանյութ)

ՀԱԿ. Մարտի 1-ի հանցագործությունը մնում է չբացահայտված, հանցագործության կազմակերպիչները՝ չպատժված (տեսանյութ)

 Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ կապված «Մարտի 1-ի» տարելիցի հետ։

«Լրանում է հայ ժողովրդի և հայոց պետականության պատմության ամենազարհուրելի և ամոթալի իրադարձության՝ 2008թ․ մարտի մեկի ոճրագործության տասնչորսերորդ տարելիցը։ Հայ հասարակությունը տասնչորս տարի հետևողականորեն պայքարել է ոճրագործության բացահայտման և արդարադատության իրականացման համար։ Եթե ոճիրն իրագործած ռեժիմի օրոք ճշմարտության բացահայտումն ու արդարության վերականգնումն անհնար էր, ապա 2018-ի ժողովրդավարական հեղափոխությունից հետո հասարակությունն ակնկալում էր արմատական տեղաշարժ այդ հարցում։

Նոր իշխանությունը պարտավորություն ստանձնեց բացահայտել հանցագործությունը և պատժել մեղավորներին՝ մատնանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ 2018թ․ հուլիսի 3-ին ՀՔԾ կողմից հարուցվեց քրեական գործ՝ «2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ»։ Հանրությունը մեծ ոգևորությամբ ընդունեց այդ որոշումը, քանզի գործի քննությունը անխուսափելիորեն կհանգեցներ մարտիմեկյան ոճրագործությանն առնչվող հանցագործությունների ամբողջ շղթայի` պետական բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից տրված հանցավոր հրամանների, սպանությունների, հազարավոր քաղաքացիների նկատմամբ գործադրված բռնությունների և հալածանքների, քաղաքացիների սահմանադրական իրավունքների, ՀՀ Նախագահի թեկնածուի ազատ տեղաշարժի և այլ իրավունքների սահմանափակումների, Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ ճնշումների, ընտրությունների կեղծման, կեղծ մեղադրանքներով դատավարությունների և այլ հանցագործությունների ամբողջական բացահայտմանը: Կոնգրեսը և բազմաթիվ հասարակական կառույցներ ներկայացրեցին խնդրի լուծման առաջարկություններ, պատրաստակամություն հայտնեցին աջակցել գործընթացին։ Մինչդեռ, իշխանության հետագա քայլերն ու գործողությունները փաստեցին, որ վերջինս ամենևին էլ չէր հետապնդում այդ նպատակը, որի արդյունքում այսօր ունենք հետևյալ պատկերը․

Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի հաղթահարմանն ուղղված բարեփոխումների անվան տակ, իշխանությունների կողմից  ՍԴ անդամների խիստ վիճահարույց նշանակումներից հետո, 2021թ․ մարտի 26-ին արդեն մեծամասնությամբ իշխանական ՍԴ-ն միաձայն ընդունեց «ՍԴՈ-1586» որոշումը, որով ըստ էության կասեցվեց 2018թ․ հուլիսի 3-ի քրեական գործի ընթացքը և արգելափակվեց մարտի 1-ի ոճրագործության բացահայտման հեռանկարը։ Նախաքննական մարմնի ու դատախազության կողմից փաստացի դադարեցվել է Մարտի 1-ի քրեական գործով նախաքննությունը՝ կազմակերպիչների ու կատարողների մասով:

Վերոնշյալ քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք էր առաջադրվել բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ՊՆ նախկին նախարարներ Միքայել Հարությունյանին և Սեյրան Օհանյանին, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, մարտիմեկյան գործերով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, նախկին ոստիկանապետեր  Հայկ Հարությունյանին և Ալիկ Սարգսյանին, ոստիկանության պետի նախկին տեղակալ Ալեքսանդր Աֆյանին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հայկ Միլիտոնյանին, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Ներսես Նազարյանին և այլոց։ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1586 որոշումից հետո, ինքնաբերաբար կասեցվեց նաև ներկայացված մեղադրանքների քննությունը։ Ներկայումս Հայաստանի դատարաններում չի քննվում Մարտի 1-ի գործով որևէ դրվագ, որևէ անձ պատժված չէ կատարած հանցանքի համար։

Մարտիմեկյան ոճրագործության հետևանքով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային ոտնահարումից տուժած բոլոր քաղաքացիների իրավունքները վերականգնելու և «Մարտի 1-ի գործով» արդարադատության դեմ հանցագործություններ կատարած իրավապահ և դատական մարմինների պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու նպատակով, իշխանությունները նախ հայտարարեցին անցումային արդարադատություն իրականացնելու անհրաժեշտության մասին, այնուհետև՝ «հաջողությամբ» մոռացության մատնեցին այն։ Քրեական գործերով, կարգապահական վարույթներով քննության առարկա չեն դարձել Մարտի 1-ի գործերով քննություն իրականցրած դատավորների, քննիչների, դատախազների, օպերատիվ ծառայության աշխատակիցների գործողությունները: Որևէ դատավորի նկատմամբ կարգապահական կամ պատասխանատվություն նախատեսող այլ վարույթ չի իրականացվել՝ անգամ ՄԻԵԴ վճիռների հիմքով: Նրանց մեծամասնությունը շարունակում է վճիռներ կայացնել «հանուն Հայաստանի Հանրապետության»։

Իշխանությունը խոստացել էր նաև վերաբացել և կրկին քննել մարտիմեկյան իրադարձություններին առնչվող, այդ թվում՝ 2008թ.-ի նախագահական ընտրությունների շրջանում և մարտի մեկի սպանդից հետո հարուցված բոլոր քրեական գործերը: Մինչդեռ, շինծու և ապօրինի մեղադրանքներով դատապարտված ընդհանուր 88 անձանց գործերից ցայսօր վերաքննվել և արդարացման վճիռներ են կայացվել ընդամենը 27 անձանց մասով, որից ՀՀ դատախազության նախաձեռնությամբ՝ ընդամենը 13 գործերով: Ընդ որում, 2020թ.-ից հետո, բացառությամբ Նիկոլ Փաշինյանին առնչվող գործի, այլ որևէ գործ դատախազությունը իր նախաձեռնությամբ չի ուղարկել Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան: Եվս 25 դատավճիռների մասով վճռաբեկ բողոքներ են ներկայացվել Կոնգրեսի և «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ։ 36 նախկին քաղբանտարկյալների գործեր դեռևս մնում են չբողոքարկված։

Այսպիսով, մարտիմեկյան ոճրագործության հետևանքների հաղթահարման առումով այսօր գտնվում ենք նույն վիճակում, ինչ է՛ր մինչև 2018 թվականը․ հանցագործությունը մնում է չբացահայտված, հանցագործության կազմակերպիչներն ու կատարողները՝ չպատժված։ Առ այսօր չի տեղադրվել անգամ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։

Համոզված ենք, որ ժողովրդավարության հաստատումը և իրավական պետության կայացումը լիարժեք կհամարվեն միայն այն ժամանակ, երբ վերացվեն բռնապետության բոլոր հետևանքները, վերականգնվի արդարությունը և հաստատվի հասարակական համերաշխություն: Միայն այդպիսի գործընթացի իրականացման դեպքում է հնարավոր սոցիալական ներդաշնակության և հաշտության ձեռքբերումը, պետության ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների վստահության վերականգնումը և լիարժեք ժողովրդավարության հաստատումը։  

Վստահ ենք, որ ապագայի Հայաստանի ժողովրդավարական իշխանությունը ի վերջո կլուծի այս խնդիրը»։

Նշենք՝  այսօր՝ՀԱԿ-ը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին.