Հարցեր, որոնք հունիսի 20-ի նիստում հաստատ չեն հնչի. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հպարտորեն տեղեկացրել է, թե Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է մասնակցել «2020 թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստին»։
Կարելի է չկասկածել, որ շոուն բավականին դիտարժան է լինելու, և Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մեղադրելու է բոլորին՝ իրենից բացի, բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Նկատեցի՞ք, թե հանձնաժողովն ինչ նուրբ ձևակերպումներ է ընտրել։ Ոչ թե պատերազմ, այլ «սանձազերծված ռազմական գործողություններ» (թե ում կողմից սանձազերծված, և ում դեմ՝ ոչ մի խոսք), նպատակն էլ ոչ թե պարտության պատճառները, այլ «ռազմական գործողությունների հանգամանքները» ուսումնասիրելն է։ Չէ, որևէ բան, բնականաբար, չի բացահայտվելու, որովհետև հնարավոր չէ հանցագործության բացահայտում, եթե «քննիչները» «գլխավոր կասկածյալի» ենթականերն ու նրա կողմից նշանակվածներն են, բայց շոուն ավելի դիտարժան դարձնելու համար հանձնաժողովի անդամները երևի ստիպված կլինեն նախապես համաձայնեցված մի քանի սուր հարցեր տալ Նիկոլին։ Մենք, որպես շոուի պոտենցիալ հանդիսատեսներ և շահառուներ, մեր կողմից առաջարկում ենք հետևյալ սցենարը։
Նախ՝ հստակեցվում է, թե ի՞նչ կարգավիճակով է Նիկոլ Փաշինյանը մասնակցում հանձնաժողովի նիստին։ Որպես զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար՝ չի կարող, որովհետև, ըստ ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի, նա գերագույն-գլխավոր հրամանատար է միայն պատերազմի ժամանակ, իսկ 2020-ին Հայաստանը պաշտոնապես պատերազմի մեջ չի եղել, հետևաբար՝ մնում են մի քանի այլ տարբերակներ․ մասնակցում է որպես ՀՀ վարչապետ, որպես մոդերատոր, որպես ՔՊ կամավորական ջոկատի նախկին հրամանատար, որպես հերոսածին հայր։ Հետո հնչեցվում են հետևյալ հարցերը․
1․ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից քանի՞ օր առաջ է իմացել, որ «ռազմական գործողություններ են սանձազերծվելու», և ի՞նչ է ձեռնարկել դրանից հետո, որպեսզի հաշված ժամերի ընթացքում հայկական զինված ուժերն ահռելի կորուստներ չունենան։
2․ Ռազմական ոլորտի ո՞ր մասնագետների խորհրդով է ՀՀ քաղաքացիներին կոչ արել սեփական միջոցներով զրահաբաճկոններ ու սաղավարտներ ճարել, ջոկատներ կազմել, հրամանատար ընտրել և գնալ-հաղթել։
3․ Ինչո՞ւ է մերժել ՀՀ 3 նախկին նախագահներին Հայաստանի անունից բանակցություններ վարելու մեկանգամյա լիազորություն տալու առաջարկը։
4․ 2020 թ․ հոկտեմբերի 19-ին, երբ ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կար, ինքն արդեն տեղյա՞կ էր, որ Շուշին դժբախտ-դժգույն քաղաք է, թե՞ այդ մասին տեղեկացել է ավելի ուշ։
5․ Կոնկրետ ո՞ր զինվորական հրամանատարն է զեկուցել, որ «Իսկանդերը» պայթել է 10 տոկոսով։
6․ Տեղյա՞կ է եղել, որ նոյեմբերի 7-ին Շուշին արդեն կորսված էր, և եթե այո՝ ինչո՞ւ էր նոյեմբերի 9-ին հայտարարում, թե «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։
7․ Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը Հայաստանի անունից անձամբ ի՞նքն է ստորագրել, թե՞ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ լավ չի հիշում։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: