Հարուցվել է քրգործ՝ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցի հետ կապված հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում։
Դեռ մարտի 30-ին հայտնի դարձավ` 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ: Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործ հարուցել, որի դեմ փաստաբանները բողոք էին ներկայացրել:
«Գլխավոր դատախազությունը բողոքի հիման վրա վերացրել է ՀՔԾ որոշումը և հարուցել է քրեական գործ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով»,–գրում է Զոհրաբյանը։
Նրա խոսքով` դատախազության որոշման մեջ նշված է, թե իրավաչափ են բողոքաբերների այն ենթադրությունները, որ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցրել է ոչ թե 2011 թվականին, այլ դրանից հետո և հակառակի վերաբերյալ սույն նյութերով այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել։ Այսինքն` առկա են ողջամիտ կասկածներ տրամադրված տեղեկատվության (դիմումի)՝ իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ըստ փաստաբանների հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012–ին առնվազն 10 տարի Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018–ին այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 01.03.2012 թվականը: