«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Արցախի ուրացումը

Հարութ Ուլոյան. Արցախի ուրացումը

Արցախի ուրացումը 

Որքան էլ մենք վեր հանենք փաշինյանական իշխանությունների կողմից ներկայումս քարոզվող «գաղափարախոսության» մանիպուլյացիոն կեղծիքներն ու բարոյահոգեբանական տվայտանքները, այնուամենայնիվ, որպես առաջնահերթություն, պետք է ֆիքսենք այդ ամենի քաղաքական շարժառիթն ու նպատակադրումը։

Փաշինյանական իշխանությունների քաղաքական շարժառիթը թելադրված է ինքնաարդարացման բնազիդից բխող տրամադրություններով, որտեղ ամբողջությամբ դուրս են մղված «պետականություն», «պետական շահ» ու «պետական մտածելակերպ» հասկացությունները։ Անձնական ու թիմային շահը հռչակված է որպես գերնպատակ։ 
Ինչպես վերջին տարիների ընթացքում համոզվել են շատերը, իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, ընդունակ են ուրանալու ամեն ինչ։ Բուն նպատակադրման՝ իշխանության պահպանման և ինքնաարդարացման ճանապարհին նրանց համար գոյություն չունի որևէ սրբություն, որևէ կարմիր գիծ։ Արցախի ճակատագրի վերաբերյալ պատասխանատվությունից ձերբազատվելը հանդիսանում է փաշինյանական իշխանությունների իրական քաղաքական շարժառիթը։ 
***
Պահի քաղաքական շարժառիթներով թելադրված, Արցախի հարցի շահարկումները Հայաստանում ունեցել են փուլային զարգացումներ։ Սակայն, ի տարբերություն մինչ 44-օրյա պատերազմն իրականացված ներքաղաքական շահարկումների, դրանից հետո իրականացվող շահարկումները միտված են Արցախի գոյության ուրացմանը։ 

  • 1994 թվականից այն ժամանակվա ընդդիմությունը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, կոնկրետ քաղաքական նպատակներից ելնելով հիմք դրեց այն քարոզչական թեզին, ըստ որի՝ արցախյան հաղթանակներում Հայաստանի ղեկավարությունը, այդ թվում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ներդրում չունի, որ այդ ամենը բացառապես շարքային զինվորականների ջանքերի արդյունքն է; 
  • 1998 թվականի պալատական-ռազմական-դավադրական հեղաշրջումից հետո, մինչև 1999 թվականի հոկտեմբերի 27-ը, «Երկրապահները»՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, քարոզում էին, թե «անուրանալի է պատերազմի ընթացքում Տեր-Պետրոսյանի ներդրումը», սակայն դրանից հետո նրա պրագմատիզմը պարտվողական քաղաքականության է հանգեցրել;
  • 1999 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2018 թվականը քոչարյանասերժական իշխանությունները քարոզում էին, թե Տեր-Պետրոսյանը մշտապես է եղել պարտվողական, իսկ բոլոր հաջողությունները գրանցվել են հենց իրենց շնորհիվ;
  • 2018 թվականից, արդեն Փաշինյանի օրոք, մինչև 44-օրյա պատերազմը քարոզվում էր, որ Արցախի փառապանծ հաղթանակը հայ ժողովրդի ջանքերի արդյունքն է, սակայն իրենք ժառանգություն են ստացել մերժելի ու նվաստացուցիչ լուծման առաջարկներ։

Պատերազմից հետո, արդեն, մինչ օրս, քարոզվում է, թե մենք միշտ սխալվել ենք, հաղթանակն էլ ոչ թե հաղթանակ էր, այլ՝ պարտություն։ Այսինքն՝ անիմաստ էր ամեն ինչ։ 1988 թվականի Շարժումն էլ էր անիմաստ, Արցախի հարցն էլ։ Պետք չէր ոչ մի հարց բարձրացնել․ ինչ լինում էր՝ թող լիներ։ ԼՂԻՄ-ը կտարրալուծվեր Ադրբեջանի կազմում, առանց գլխացավանքի կապրեինք։

Սա է ողջ պրոպագանդայի բուն ասելիքը․ Արցախի ուրացումը։ Անունն էլ դրել են՝ «խաղաղությունը գին չունի»։ Վաղը, եթե պետք լինի, այս նույն մարդիկ կքարոզեն նաև, որ ընդհանրապես Հայաստանի գոյությունն է եղել կեղծ ու սխալ։

Հարութ Ուլոյան