«  Դեկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Հայ քաղաքական միտքը շարունակաբար փորձում է ռուսներին պարտադրել հայկական շահը

Հարութ Ուլոյան. Հայ քաղաքական միտքը շարունակաբար փորձում է ռուսներին պարտադրել հայկական շահը

Լաչինի միջանցքի հետ կապված այն ակնկալիքներն ու պահանջները, որոնք ուղղվում են ռուսներին, դրանք այնքանով են արդիական, որքանով Լաչինի ճգնաժամը շարունակվում է: Առաջին հայացքից սա պրիմիտիվ է հնչում, սակայն իրադրությունների զարգաման խորքը թափանցելուց ակնհայտ է դառնում, որ այս ամենը տարիներ ի վեր շարունակվող «քաղաքականության» արդյունք է:

1. Փաշինյանը, դեռևս 2016-17 թվականներից, պատվերով, կամ` ոչ, քարոզում էր այն թեզը, որ եթե Ռուսաստանը չցանականա, ապա հայ-ադրբեջանական պատերազմ չի սկսվի: Դրա հետ մեկտեղ պայքարում էր բանակցային պլանը մերժելու համար:

2. 2018 թվականին գալով իշխանության, Փաշինյանը շարժվեց նույն իր առաջ քաշած ուղեգծով: Սակայն այս դեպքում, արդեն, որպես պետության ղեկավար, նա շատ ավելի համապարփակ կերպով էր տեղեկացված թե´ աշխարհաքաղաքական զարգացումներին, թե´ Հայաստանի ներուժին, թե´ Ռուսաստանի ու մյուսների առաջնահերթություններին: 
Փաշինյանը մի ձեռքով շարունակում էր պատերազմ սկսվել-չսկսվելու պատասխանատվությունն ուղղել դեպի հյուսիս, մյուս կողմից` հեգնաբար մերժում էր պատերազմից խուսափելուն միտված նույն հյուսիսի կողմից առաջարկվող պլանը:

3. 44-օրյա պատերազմի նախօրյակին, արդեն, ոգևորված հուլիսյան մարտերի փառապանծ հաղթանակներով, Փաշինյանն արդեն ոչ միայն Ադրբեջանին էր հեգնում, այլև` թուրքերին: Ավելին, քարոզվում էր, որ Հայաստանի հետ ոչ ոք այլևս ի զորու չէ պարտադրանքի կամ ուժի դիրքերից խոսել:

4. Պատերազմի սկզբից մինչև վերջին օրը ողջ իշխանական պրոպագանդան պատերազմի ու պատերազմը չդադարեցնելու համար մեղադրում էր ռուսներին` շարունակաբար մերժելով  նույն ռուսների կողմից առաջ քաշվող պատերազմը կանգնեցնելու առաջարկները: Ավելին, նույնիսկ պատերազմի կեսերին շարունակում էին հայտարարել, որ բանակցային առաջարկվող պլանը հակահայկական ու նվաստացուցիչ պլան է: Դրա հետ մեկտեղ, 24-ժամյա ռեժիմով ռուսների կողմից միջամտելու ու մեզ պաշտպանելու չարդարացվող ակնկալիքներ էին քարոզում:

5. Նոյեմբերի 9-ին ստորագրեցին մի հայտարարություն, որը եթե համեմատելու լինենք այն պլանի հետ, որը առաջարկվում էր նախքան պատերազմը, ապա այն ոչ թե նվաստացուցիչ, այլ` կապիտուլյացիոն փաստաթուղթ էր:  Այդ օրվանից քարոզչամեքենան պրոպագանդում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության պատասխանատու-մեղավորը Ռուսաստանն է:

6. Վերջերս, սակայն, պարզվում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն «իրականում» հաղթաթուղթ է` դրանում ամրագրված դրույթներով հանդերձ: Սակայն... Ռուսաստանն է, որ տեր չի կանգնում փաշինյանական աննախադեպ  հանճարի շնորհիվ ձեռք բերված այդ հայտարարությանը:

7. Ըստ քարոզչության, Հայաստանի դեմ իրականացվող ադրբեջանական ագրեսիայի ու հիմա էլ Լաչինի փակման պատասխանատուն ևս Ռուսաստանն է, քանի որ ցանկանում է Հայաստանը կցել իրեն: Սակայն դա ու մնացած «դավադրություններն» ամենևին չեն խանգարում, որ Փաշինյանը դեռևս 2021 թվականի հունվարից շարժվի ռուսական առաջարկներով: Բայց դրա հետ մեկտեղ, Փաշինյանը, Ռուսաստանին շրջանցելով, նույն խնդիրներին վերաբերող արևմտյան հռչակագրերի տակ է ստորագրում: Հետո գնում է Ռուսաստան` ռուսական հռչակագրերի... 

8. Ռուսները առաջարկում են Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգել, Փաշինյանը Հայաստանի 29.800 քկմ տարածքի ամբողջականությունն է պրոպագանդում: Ղարաբաղում ադրբեջանցիները ագրեսիայի են դիմում, Փաշինյանը հայտարարում է, որ դրա պատասխանատուն ռուսներն են: Մերժում են արևմտյան միջնորդական հանդիումը, հետո` ռուսականը: 
Ու վերջում կրկին ռուսներից պատասխանատվություն են ակնկալում:

Մեծ հաշվով, սա ի՞նչ է: Սա մի կողմից անկարողության դրսևորումների շարք է, մյուս կողմից` ուրիշից, տվյալ դեպքում` ռուսներից, քո սեփական շահերի սպասարկման ակնկալիքներ: Ավելին, ակնկալիքներ էլ չէ, այլ` պահանջներ` էժանագին խաղերով համեմված: 
Որքան շատ են ինքնիշխանությունից խոսում, այնքան ավելի շատ են մսխում դա: «Միութենական պետության» վերաբերյալ խոսակցություններն էլ, վստահաբար, նույն շարքից են:

Հարութ Ուլոյան