Հարութ Ուլոյան. Ինչո՞վ է տվյալ տեսանյութն արդիական
Ինչո՞վ է տվյալ տեսանյութն արդիական։ Արդիական է նրանով, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, տվյալ ժամանակաշրջանում՝ որպես իշխանությունների հետ անհաշտ պայքար տանող քաղաքական կազմակերպության ղեկավար, հստակ տարանջատում է իր ղեկավարած ընդդիմադիր ուժի, այդ ժամանակ՝ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի և մյուս քաղաքական ուժերի, այդ թվում՝ իշխանությունների դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վերաբերյալ։
Եթե ինչ-որ կազմակերպություն իրեն քաղաքական ուժ, կուսակցություն կամ դաշինք է համարում, ապա անկախ տվյալ պահի իր կարգավիճակից, այն չի կարող իր գործողություններն ու խոսույթը պայմանավորել ռեակցիոն նպատակներով։ Իրեն հարգող քաղաքական կազմակերպության գործունեությունն ու խոսքը չի կարող ինքնանպատակ լինել։
Պետական շահը՝ պետական շահ, դա, իհարկե, առաջին հերթին, բայց դասական քաղաքական ուժի գոյության հիմնական պայմանը պետք է լինի թիմային պատասխանատվությունն ու այլ քաղաքական կազմակերպություններից հստակ խոսույթով, գնահատականներով ու օրակարգերով տարբերվելը։ Եթե այդ ամենը չկա, ապա ցանակացած քաղաքական ուժ կա՛մ վերջիվերջո տարալուծվելու է ընդհանուրի մեջ, կա՛մ վերածվելու է «անձ-կուսակցության», այսինքն՝ քաղաքական վերլուծաբանի, կամ, վատագույն դեպքում, պրոպագանդիստի։
Հենց սրանով է առանձնանում Լևոն Տեր-Պետրոսյանի ՕՐԱԿԱՐԳԱՍՏԵՂԾ գործունեությունը․ ով թե՛ 1988-1990, թե՛ 2007-2017 և 2021 թվականներին, կամ, ընդհանուր առմամբ, մինչև հիմա, գործելով ընդդիմադիր դաշտում, երբեք իր գործողություններին ու խոսքին ինքնանպատակություն չի հաղորդել։ Չի ասել մի բան՝ զուտ ասելու համար։ Չի քննադատել մի բան՝ զուտ քննադատելու համար։ Չի առաջարկել մի բան՝ զուտ առաջարկելու համար․․․ Եվ երբեք, ԵՐԲԵՔ չի «խաղացել» որևէ մեկի, այդ թվում՝ դրսի, կողմից հրամցվող օրակարգերում։
Ես այս ամենն, իհարկե, չեմ գրում Առաջին նախագահից կրկին ինչ-որ քաղաքական ակնկալիքներ գեներացնելու նպատակով։ Ես սա գրում եմ, որպեսզի քաղաքական դաշտի ներկայիս «խաղացողները» Նախագահից գոնե տարրական ռացիոնալություն, ողջամտության ու պետական մտածողության դասերն ընդօրինակեն։
Լռելու ընդունակությունը նույնպես տեղավորվում է այդ դասերի մեջ։


