«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. «Մանիպուլացնելու վճռականությունը` քողարկվելու ճանապարհ»

Հարութ Ուլոյան. «Մանիպուլացնելու վճռականությունը` քողարկվելու ճանապարհ»

2014 թվական: ԱԺ ոչ իշխանական ուժերը, որոշակի համագործակցության եզրեր գտնելով, փորձում են ընդդիմադիր բևեռ ստեղծել ՀՀԿ-ի դեմ: ՔՊ-ն կտրականապես մերժում է համագործակցությունը. սկզբից դա պայմանավորում է այդ ուժերի կողմից հրապարակային գործունեության բացակայությամբ և այդ ուժերից որոշների կողմից Մարտի 1-ի դեպքերի ժամանակ բարիկադներից այն կողմում գտնվելու փաստարկով («Իմ քաղաքական գործունեության նպատակը ինչպես եղել, այնպես էլ մնում է «Ոչ դոդացմանը[…]» կարգախոսի իրագործումը»), ապա հայտարարում է, որ իրենք կմիանան այդ ուժերին, եթե այդ ուժերը միասնականորեն պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը: 2015 թվականի փետրվարին այդ ուժերը միասնականորեն պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՔՊ-ն հայտարարում է, որ իրենք կկազմակերպեն քննարկումներ` որոշելու համար այդ ուժերի հետ համագործակցության ձևաչափը: Հետագա զարգացումները, տվյալ դեպքում, կարևոր չեն:

2015 թվականի Սահմանադրական փոփոխություններից ամիսներ առաջ ՔՊ-ն այդ գործընթացը նախ համարում է իշխանությունների կողմից կազմակերպված կեղծ օրակարգ` տերմինի բուն իմաստով, ապա, երբ պարզ դարձավ, որ այդ օրակարգը կեղծ չէ, ՔՊ-ի դիրքորոշումը ձևափոխվեց և ներկայացվեց որպես կեղծ օրակարգ, այս անգամ արդեն ընդդիմության կողմից` իշխանափոխության հասնելու գործընթացում: ՔՊ-ի հակափաստարկն այն էր, որ Հայաստանում իշխանափոխություն օրինական ճանապարհով հնարավոր չէ, քանի դեռ Հայաստանի անխտիր բոլոր ընտրատեղամասերում ընդդիմությունը չունի առնվազն 3 դիտորդ: Այս գաղափարն ամրապնդելու համար հայտարարվում էր, որ չի կարելի ամեն անգամ ժողվորդի «մատոռն անիմաստ խոդի տալ»: Սկսվեց քարոզվել «6000 դիտորդ ընտրատեղամասերում» կարգախոսը, նույնիսկ հատուկ կայք էր բացվել ցանկացողների գրանցման համար: Հետագա զարգացումները, տվյալ դեպքում, կարևոր չեն:

2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ՔՊ-ն, ինքնահռչակվելով որպես «ժողովդրի ծառա», Խորենացու փողոցից համայն աշխարհի հայերին կանչում էր Հայաստան` հեղափոխության սկսված գործընթացն ավարտին հասցնելու համար: Հետագա զարգացումները, տվյալ դեպքում, կարևոր չեն:

2017 թվականին ՔՊ-ն, «Ելքի» կազմում, մասնակցում է ԱԺ ընտրություններին` շատ հեռու լինելով նախկինում հայտարարված «6000 դիտորդ ընտրատեղամասերում» պլանի իրականացումից: «Ելքի» գլխավոր թիրախը հանդիսանում են այլ ընդդիմադիր ուժերը (Որոշ ուժեր հռետորական հարցադրումներ են անում. ինչպե՞ս հասկանալ «Ելքի» կազմում «Միշիկի պրոյեկտի» առկայությունը: Ներկայումս նույն ՔՊ-ն է իրենց նախկին գործընկերոջը համարում «Միշիկի պրոյեկտ»): Ընտրություններից հետո «Ելքը» ոչ միայն ընդունում է ընտրւթյունների արդյունքները, այլև հայտարարում, որ ընտրատեղամասերում խախտումներ չեն եղել և արդյունքները ձևավորվել են ժողովրդի կամքով, այսինքն, արձանագրում են իրենք, ընտրությունները եղել են լեգիտիմ:

2018 թվականին ՔՊ-ն, որպես քաղաքական միակ ընդդիմադիր ուժ, նախաձեռնում է իշխանափոխության գործընթաց: Կոնկրետ քաղաքականացված խմբեր, չհամակերպվելով Սերժ Սարգսյանի կողմից երկրի ղեկավարի պաշտոնը 3-րդ անգամ ստանձնելու հետ և բազմաթիվ տարաձայնություններ ունենալով ՔՊ-ի հետ, այնուամենայնիվ առաջին իսկ օրից ամեն կերպ սկսում են սատարել նրանց, նույնսիկ ՔՊ-ի քայլարշավից օրեր առաջ ակցիաներ ու երթեր են կազմակերպում Երևանում: ՔՊ-ն հարթակներից համերաշխության և հրապարակ գալու կոչեր է հնչեցնում բոլոր քաղաքական ուժերին: Տարբեր օրերին ՔՊ-ի կողմից շնորհակալության խոսքեր են հնչեցվում ուղղված քաղաքական կոնկրետ խմբերին: Կոնկրետ քաղաքական ուժեր, որոնք թերհավատորեն էին տրամադրված ՔՊ-ի հաջողությանը, այնուամենայնիվ Բաղրամյան փողոցում տեղի ունեցող բախումներից հետո զորակցության և իրենց աջակիցներին փողոց դուրս գալու կոչեր են հնչեցնում: Երբ կոնկրետ երկրներ հայտարարում են, որ խնդիրը պետք է լուծվի` հաշվի առնելով 2017 թվականի ընտրությունների արդյունքները, ՔՊ-ն այս անգամ հայտարարում է, որ այդ ընտրությունները կեղծված են եղել և լեգիտիմ չեն: Հետագա զարգացումները, տվյալ դեպքում, կարևոր չեն: Սակայն արժի նշել նաև այն, որ ՔՊ-ին աջակցելու կոչերը, հետագայում, ՔՊ-ի կողմից սկսեցին արժանանալ «մեզ որևէ քաղաքական ուժի աջակցություն պետք չէ, այլ միայն ժողովրդի» տիպի արձագանքների:

2018 թվականի հոկտեմբերին ԱԺ-ն հերթական սաբոտաժն է կազմակերպում: Այս անգամ ՔՊ-ն մի կողմ թողնելով «ոչ դոդացմանը» կարգախոսի իրականացման նպատակը, համագործակցության հուշագիր է ստորագրում տվյալ կարգախոսի «զոհի» հետ` վերջինիս թագադրելով որպես «հեղափոխության աջակից» և «սեփականատեր»:

Կարելի է, իհարկե, այս շարքն անվերջ շարունակել, սակայն այսքանն էլ բավարար է «սխալի» ու «ճշտի» բաժանումն այլ հարթությունում դիտարկելու համար: Ամեն դեպքում կարող եք վերնագրել` «Մանիպուլացնելու վճռականությունը` քողարկվելու ճանապարհ»:

Հարութ Ուլոյան