Հարութ Ուլոյան. Փաստեր 1998 թվականի հեղաշրջման վերաբերյալ
Նկարը՝ «Armenian International Magazine»-ի 1998 թվականի փետրվարյան համարի շապիկը
Փաստեր՝ 1998 թվականի հեղաշրջման վերաբերյալ
1998 թվականի փետրվարի 3-ին «հայտնի մարմինների» պահանջով հրաժարական է տալիս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ամիսներ տևած այդ գործըթացը դեռ այն օրերից լրագրողների ու քաղհասարակական բազմաթիվ գործիչների կողմից գնահատվել է որպես «պալատական հեղաշրջում»։
Այս տարիների ընթացքում բազմաթիվ հոդվածներ են գրվել ու մեկնաբանություններ հնչել հեղաշրջման գործընթացի վերաբերյալ, սակայն մեծամասմաբ դրանցում շեշտը դրվել է գործընթացի առերևույթ պատճառի, այն է՝ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ ներիշխանական «տարակարծությունների»՝ «փուլայինի» ու «փաթեթայինի» երկընտրանքի վրա։ Ներքոշարադրյալում, միտք չունենալով բացահայտել «ողջ ճշմարտությունը», ներկայացվում են հրապարակային մակարդակում տեղի ունեցած հեղաշրջման գործընթացին վերաբերող, նպաստող կամ դրա հիմքը հանդիսացող որոշ նշանակալի դրվագներ։
1․ Հեղաշրջման գործընթացի սկիզբը կարելի է համարել 1996 թվականի նախագահական ընտրությունները։ Սեպտեմբերյան աննախադեպ լարվածություն առաջացրած հայտնի դեպքերից հետո սկիզբ է առնում ներքաղաքական ճգնաժամ, փոխվում է ներիշխանական ուժային հավասարակշռությունը։ Ամիսներ անց Ղարաբաղի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը նշանակվում է Հայաստանի վարչապետ, որից հետո ներքաղաքական կյանքի որոշակի կայունացում է գրանցվում։
2․ Վազգեն Սարգսյանը հրապարակայնորեն անուղղակի կերպով սկսում է «գաղափարախոսական» հարթությունում հակադրվել Տեր-Պետրոսյանի հայտնի թեզերին։
3․ Այդ ընթացքում մահանում է նախագահ Տեր-Պետրոսյանի եղբայրը՝ Թելման Տեր-Պետրոսյանը, ով արտաքին ու ներքին, գլխավորապես՝ գործարարական շրջանակներում, մեծ կապերի էր տիրապետում։
4․ Սկսվում է Տեր-Պետրոսյանի հենարանն հանդիսացող «Հանրապետություն» խմբակցության ու ՀՀՇ-ի պառակտման գործընթացը։ ԱԺ կանոնակարգի փոփոխությամբ սահմանվում է խմբակցություններից պատգամավորների դուրս գալու և առանձին խմբակցություն ձևավորելու իրավունքը։ Իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով, կարճ ժամանակ անց, Տեր Հուսիկ Լազարյանի հրաժարականից հետո «Հանրապետության» խմբակցության ղեկավար է դառնում Վանո Սիրադեղյանը։
1997 թվականի Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսից և, հատկապես, «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածից հետո ՀՀՇ-«Երկրապահներ» մրցակցությունը վեր է ածվում ՀՀՇ-Կառավարություն առճակատման։ Հրապարակային մակարդակում «հակասությունների» ազդակները գալիս են Ղարաբաղից՝ համեմված շանտաժի տոնայնություններով։ Քոչարյանը հռչակվում է որպես պայքարի սիմվոլ։ Հրահրվում են հանրահավաքներ մարզերում։ Արցախի դիրքորոշումը սատարելու նպատակով նույնիսկ ՏԻՄ առանձին պատվիրակություններ են մեկնում Արցախ։ «Երկրապահների» ղեկավար Ալբերտ Բազեյանը հրապարակայնորեն կոչ է անում ՀՀՇ-ական երկրապահներին՝ լքել ՀՀՇ-ն։
1998 թվականի հունվարին տեղի ունեցած հայտնի անվտանգության խորհրդի նիստից հետո իրավիճակը գնալով դառնում է անվերահսկելի։ Արձանագրվում են զենքի կիրառման դեպքեր, որոնք որակվում են որպես «ահաբեկչություն» ու կապվում ստեղծված իրավիճակի հետ։
1998 թվականի փետրվարի 2-ին արդեն «կայծակնային արագությամբ» են նոսրանում «Հանրապետության» շարքերը։ Պատգամավորների զգալի մասը տեղափոխվում է «Երկրապահների» խումբ։ Փոխվում է հարաբերակցությունը․ Տեր-Պետրոսյանին աջակոցողները դառնում են փոքրամասնություն։
Տեր-Պետրոսյանի հրապարակային լռության պայմաններում սկսվում է հրաժարականների շարք․ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյան, Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյան, ԿԲ ղեկավար Բագրատ Ասատրյան և այլն։ Հաջորդ օրը՝ փետրվարի 3-ին հրաժարական է տալիս Տեր-Պետրոսյանը։ Ըստ Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Լևոն Զուրաբյանի՝ Տեր-Պետրոսյանից առաջ բոլոր հրաժարական ներկայացնողները, նախապես իմանալով Տեր-Պետրոսյանի սպասվելիք հրաժարականի մասին, մտածված նախապես են հրաժարականի դիմումներ ներկայացրել, որպեսզի դրանք անձամբ Տեր-Պետրոսյանը ստորագրի։
Փետրվարի 4-ին ԱԺ-ում քննարկվում է Տեր-Պետրոսյանի հրաժարականն ընդունելու կամ մերժելու հարցը։ Երկրորդ քվեարկությամբ «111՝ կողմ, 36՝ դեմ, 16՝ չքվեարկած» արդյունքով ԱԺ-ն ընդունում է Տեր-Պետրոսյանի հրաժարականը, որից հետո հրաժարականներ են ներկայացնում ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանն ու նրա երկու տեղակալները։
Վարչապետ, ինչպես նաև Արարաքցյանի հրաժարականից հետո ավտոմատ հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Ռոբերտ Քոչարյանը, ով մեծ ներդրում ուներ հեղաշրջման գործընթացի մեջ, նույն օրերին հայտարարում է, որ նոր իշխանությունները նախկին իշխանությունների իրավահաջորդն են և թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական պայմանագրերի իրագործման պատասխանատվություն են կրում։
5․ Ժամանակի ընթացքում ներկայացված տարբեր վկայությունների համաձայն՝ ԱԺ «Հանրապետություն» խմբակցության պառակտման ընթացքում պատգամավորների դեմ կիրառվել են ոչ միայն քաղաքական, այլև՝ անձնական ու ընտանեկան շանտաժի ու սպառնալիքի մեթոդները։
Վանո Սիրադեղյանը բարձրաձայնել է Ղարաբաղից Տեր-Պետրոսյանի դեմ իրականացվող շանտաժի՝ Ղարաբաղում ծառայող հայաստանաբնակ զորակոչիկներին «պատանդ պահելու» տեղեկության մասին։ Բացի այս, ըստ Սիրադեղյանի, ՀՀՇ-«Երկրապահներ» առճակատման պատճառն այն էր, որ 1995 թվականին սխալ ԱԺ էր ձևավորվել․ նման մեծամասնությամբ ու նման կազմով ԱԺ չպիտի լիներ, այլ պետք էր կռված երկրապահների ներգրավվել «Հանրապետության» մեջ, որը չի արվել։
6․ Արևմուտքը, որպես պատրվակ օգտագործելով 1996 թվականի աղմկահարույց ընտրությունները, ոչ միանաշանակ է արձագանքում հայաստանյան գործընթացներին։ Տեր-Պետրոսյանին քննադատողները, այդ թվում՝ Ղարաբաղից, քննադատական դիրքորոշումներ են հայտնում նաև Ռուսաստանի վերաբերյալ։ Հակառակ դրան, ՀՀՇ-ական ճամբարում ավելի շատ ընդգծվում են հակաարևմտյան ելույթները։ Միջազգային մամուլը հայաստանյան զարգացումները մեկնաբանում է մածամասամբ ադրբեջանական նավթի հեռանկարի ու ռուսական ազդեցությունն այդ գործընթացից հեռացնելու կոնտեքստում։
Փետրվարի 5-ին ՌԴ նախագահ Բորիս Ելցինը ափսոսանքով է խոսում Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին, հայտարարելով, որ նա անձամբ Տեր-Պետրոսյանին տեղում կոնկրետ օգնություն ցուցաբերելու առաջարկ էր արել և հանդիպում պլանավորել, սակայն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, մերժել էր աջակցությունն ու նախընտրել հրաժարական տալ։
Տեր-Պետրոսյանի հրաժարականի առթիվ նամակներ ու արձագանքներ են ստացվում նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներից։
7․ Հայաստանում այդ օրերին իրականացված սոցհարցումների արդյունքներն այն աստիճանի չէին արտահայտում ստեղծված իրավիճակը, որ Տեր-Պետրոսյանի քննադատները դա բացատրում էին հասարակության հուսալքությամբ։ Չնայած դրան, քաղաքացիների կողմից Տեր-Պետրոսյանին սատարող նամակներ են հայտնվում հեղաշրջմանն աջակցող թերթերում։
Տեր-Պետրոսյանի հրաժարականից մեկ տարի անց իրականացված սոցհարցումների տվյալներով՝ հարցվածների 17,8 տոկոսը նախընտրել է Քոչարյանին, 18-ը՝ Տեր-Պետրոսյանին։
8․ Հրաժարականից նույնիսկ ամիսներ անց ու, հատկապես, Հոկտեմբերի 27-ից հետո, բացի ՀՅԴ-ից, Տեր-Պետրոսյանի ժամանակ վերջինիս «ավանդաբար» ընդդիմադիր բոլոր քաղուժերը (թե՛ ԱԻՄ-ը, թե՛ ԱԺՄ-ն, թե՛ Կոմկուսը, թե՛ ԳիԱրՔՄի-ն) այս կամ այն ձևով Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներն ավելի դրական են գնահատել, քան Քոչարյանինը։ Ավելին, «Երկրապահի» ղեկավար կազմից որոշ անդամներ հրապարակայնորեն խոստովանել են, որ թե՛ իրենք, թե՛ Վազգեն Սարգսյանը Տեր-Պետրոսյանի հրաժարականից ամիսներ անց հասկացել են, որ սխալ են թույլ տվել։