Հարութ Ուլոյան. Վերարտադրված իշխանության «լրջության» խորհրդանիշը՝ ԱԺ նախագահի թեկնածուն է
2016 թվականի ամռանը Արցախում սոցհարցում էր իրականացվել: Մասնակիցների 99.7 տոկոսը դեմ էր արտահայտվել 7 շրջանների միանգամից, իսկ 99.4 տոկոսը` փուլային փոխզիջմանը` նույնիսկ Արցախի անկախության ճանաչման դիմաց: Թե´ Արցախի, թե´ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ու հասարակական ուժերն ու գործիչները այս արդյունքները դարձրել էին իրենց ոչմիթիզական պրոպագանդայի հիմնասյունը:
Ով փոխզիջումից կամ խաղաղապահներից էր խոսում, ասում էին` «գնացեք սահմանամերձ բնակավայրերի բնակիչների ու սահմանապահ զորքերի մոտ խոսեք, տեսեք ձեզ ինչ կանեն»: Ավելին, առաջարկում էին օրենք ընդունել, որով պետք է արգելվեր փոխզիջումներից խոսելը, իսկ խոսացողներին պետք է դատական կարգով «ազգի դավաճան» կնքեին: Իսկ ավելի համարձակներն ընդահնրապես առաջակում էին փոխզիջման կողմնակիցներին տեղում գնդակահարել:
Հիմա նույն այս մարդիկ, ունենալով իրենց թիկունքում ժողովդրի ավելի քան 99 տոկոսի աջակցությունը, ոչ թե փոխզիջում, այլ` կապիտուլյացիա բերեցին, ոչ թե խաղաղապահ, այլ` վերադաս բերեցին, ու սա էլ հերիք չի, շարունակում են պադոշի դեմքով ինչ-որ աշխարհաքաղաքական վերլուծություններ ու վտանգներ կանխատեսել:
Վերարտադրված իշխանությունների վարկանիշի մակարդակը, ինչն իրենք փորձում են քողարկել ընտրություններում իրենց հավաքած 54 տոկոսով, ուղիղ համեմատական է վերը նշված 99.7 տոկոս «հանրային կարծիքի» մակարդակի հետ: Թվաբանական համեմատություն չի, այլ` լրջության մակարդակի: Իսկ այդ «լրջության» խորհրդանիշը վերարտադրված իշխանական ուժի կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրած թեկնածուն է: