Հայ գերիների հարցը Եվրախորհրդարանում կրկին կքննարկվի
Հայ գերիների և պատանդների հարցը կրկին կքննարկվի Եվրախորհրդարանի մայիսի 20-ի լիագումար նիստին։ Տեղեկությունը հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիների» հարցի քննարկումը նախատեսված է մայիսի 20-ի առավոտյան սեկցիայում (լիագումար նստաշրջանի վերջին օրը):
Հիշեցնենք, որ ապրիլի 20–ին ԵԽԽՎ–ում քննարկվեց հայ գերիների հարցը։ Քննարկումն անցկացվում էր ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի, որի դեպքում զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։
Դրանից հետո Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դիմեցին Եվրոպական հանձնաժողովի նախագահին ու Եվրոպական խորհրդի նախագահին՝ հարկադրելու Ադրբեջանին հայ ռազմագերիներին ազատ արձակել:
Նոյեմբերի 9–ի հայտարարության ընդունումից հետո 73 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք են վերադարձել հայրենիք: Ոչ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում ավելի քան 250 հայ գերի կա: