«  Սեպտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Հայաստանի կեսն էլ չմնա, Փաշինյանը կհայտարարի՝ «Ի՞նչ կապիտուլյացիա, դա ձեր եզրակացությունն է»

Հայաստանի կեսն էլ չմնա, Փաշինյանը կհայտարարի՝ «Ի՞նչ կապիտուլյացիա, դա ձեր եզրակացությունն է»

Փաշինյանի գերագույն գլխավոր լրատվականում հրապարկված անստորագիր հոդվածում, նախ ծավալուն մեջբերումներ են արվում Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցից, ապա ոչ ավել, ոչ պակաս հայտարարվում է հետևյալը․ «Փաստենք, որ ՀՀ-ն կապիտուլյացիայի է ենթարկվել՝ բացառապես առաջին նախագահի սուբյեկտիվ եզրակացությունն է»։

Փաշինյանական հոդվածագիրը «մի կողմ թողնելով Տեր-Պետրոսյանի ենթադրությունները», մեջբերումներ է անում Փաշինյանի վերջին ելույթներից, ապա եզրակացնում, որ «Փաշինյանը հայտարարում և վերահաստատում է, որ ՀՀ-ն չի գնալու տարածքային զիջում ենթադրող, նվաստացուցիչ պայմաններով խաղաղության պայմանագրի՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման»։ Վերջում էլ խորհուրդ է տալիս, առանց ինֆորմացիային տիրապետելու, չգուժել չեղած բանի մասին։

Փաստորեն, ըստ անստորագիր հոդվածի, զուտ Տեր-Պետրոսյանի եզրակացությամբ է Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկվել։ Այսինքն, Փաշինյանը զուր չէր նոյեմբերի 9-ի իր ստորագրած հայտարարությունում «հաղթական» ձեռքբերումներ արձանագրում։ Հասարակությունն էլ պետք է հասկանա, այդ հայտարարությունը  նվաստացուցիչ չէր ու պետք չէր այն գուժել։ Ու, ընդհանրապես, Փաշինյանն ինչ էլ ստորագրի, դա միանշանակ հաղթական փաստաթուղթ է լինելու։ Նա ո՞նց կարող է նվաստացուցիչ բան ստորագրել։ Հայաստանի կեսն էլ չմնա, կհայտարարի՝ «Ի՞նչ կապիտուլյացիա, դա ձեր եզրակացությունն է, չէ՞ որ հայտարարությունում սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստան անվանումով տեղանք կա»։

Այսքանը՝ մակերեսայնորեն։ Ինչ վերաբերում է հոդվածի մեսիջներին, ապա դրանք ուղղված են բացառապես քոչարյանական ճամբարին։ Բնական է, որ եթե կայանա Տեր-Պետրոսյանի առաջարկով նախկին ու ներկա ղեկավարների  միասնական-կոնսենսուսային դիրքորոշմամբ հանդես գալու նախաձեռնությունը, ինչի գաղափարն, ի դեպ, հոդվածը չի մերժում, մեկնաբանությունների տիրույթում թե՛ Փաշինյանը, թե՛ Քոչարյանը կհայտնվեն բնական դաշնակիցների դերում՝ մերժելով կապիտուլյացիայի վերաբերյալ որակումները։

Փաշինյանն էլ էս գլխից հասկացնում է, որ ինչպիսի ճանապարհ էլ նա ընտրի, անկախ Տեր-Պետրոսյանի նախաձեռնության կայացումից կամ տապալումից, դա չպիտի մեկնաբանվի որպես նվաստացում կամ կապիտուլյացիայի հետևանք։ Սա, իհարկե, բառախաղի տիրույթում, իսկ արկածախնդրական գործողությունների դիմելու տիրույթում մեզ ոչ թե կապիտուլյացիայի հետևանք, այլ՝ կործանում է սպասվելու։

Հարութ Ուլոյան