Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարների ասուլիսը (ուղիղ)
Մոսկվայում քիչ առաջ մեկնարկեց ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին կհաջորդի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Մինչ դռնփակ հանդիպման մեկնարկը Լավրովն ու Մնացականյանը հանդես եկան հրապարակային հայտարարություներով։
«Ձեր այցը նախատեսված էր նախապես, բայց այն այսօր անցնում է ԼՂ–ում լարվածության թուլացման ջանքերի ֆոնին, ջանքեր, որոնք ներդնում են աշխարհի շատ երկրներ»,– ասաց Լավրովը` հիշեցնելով, որ անցյալ ուրբաթ օրը Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի մասնակցությամբ եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք էր բերվել հումանիտար զինադադարի համաձայնություն, որը, սակայն, նրա խոսքով, կողմերն այսօր չեն պահպանում։«Մենք հուսով ենք, որ այն շփումները, որոնք մենք ունենք ձեզ և Ադրբեջանի հետ, այդ թվում`պաշտպանության նախարարությունների գծով, թույլ կտան ապահովել եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածության ամբողջական կատարումը»,– ասաց ՌԴ ԱԳ նախարարը։
Նա նաև հիշեցրեց, որ բացի այդ առանցքային հարցից ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը քննարկվելու է նաև երկկողմ համագործակցության ամբողջական օրակարգը, այդ թվում` երկու երկրների միջազգային կառույցներում, հատկապես ՄԱԿ–ում ու ԵԱՀԿ–ում համագործակցության խնդիրները։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս իր խոսքում անդրադարձավ երկու օր առաջ Ռուսաստանում ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությանը` շնորհակալություն հայտնելով ու բարձր գնահատելով դրանում Ռուսաստանի ներդրած ջանքերը։
«Այսօր մեզ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում, ու դրանում Ռուսաստանի դերը մնում է չափազանց բարձր։ Ցավոք, այսօր մենք չենք կարող ասել, որ գործնականում ունենք կրակի լիարժեք դադարեցում և բառացիորեն իմ այստեղ ժամանելուց առաջ շարունակում էին լուրեր ստացվել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը` կրակի դադարեցման մասով»,– ասաց Մնացականյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մնացականյանն այսօր Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։