Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 90 տոկոս աճ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 90 տոկոս աճ, ինչի պատճառով առաջիկա շաբաթում կանխատեսվում է ավելի քան 7000 նոր դեպք:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
«Այս պահին ՀՀ-ում ծանր համաճարակային իրավիճակ է: Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է: Մոտ 90 տոկոսով հիվանդության աճ է գրանցվել: Վիրուսի տարածման ցուցանիշն այս պահի դրությամբ 1,2 է, ինչը նշանակում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում սպասում ենք ավելի քան 7000 նոր դեպք»,- նշեց Սահակյանը և հավելեց, որ դրանից հետո մահճակալային ֆոնդը կսպառվի:
«COVAX FASILITY» նախաձեռնության շրջանակներում բացի «AstraZeneca»-ից առաջիկա օրերին այլ պատվաստանյութեր ևս կառաջարկվեն Հայաստանին, հայտնեց Գայանե Սահակյանը։
««AstraZeneca»-ն մի շարք երկրներում կլինիկական փորձարկումների է ենթարկվել, ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ իրավիճակներում կիրառելու թույլտվություն», - ասաց Գայանե Սահակյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանը ստացել է կորոնավիրուսի «AstraZeneca» պատվաստանյութերի առաջին խմբաքանակը «COVAX FASILITY» նախաձեռնության միջոցով։