Հայաստանը ձեռք է բերել բրիտանական AstraZeneca պատվաստանյութի 24 հազար դեղաչափ

Պաշտոնական 29.03.2021   10:30   133

Հայաստանը ձեռք է բերել AstraZeneca պատվաստանյութի 24 հազար դեղաչափ, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում:

«Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար: COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար: 

Նկատենք, որ առողջապահության նախարարության գործադրած ջանքների շնորհիվ, բանակցությունների արդյունքում, հնարավոր եղավ պատվաստանյութի առաջին խմբաքանակը ստանալ նախանշված ժամկետներում: Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որը հնարավորություն է ստացել ձեռք բերել երկար սպասված պատվաստանյութը, երբ այսօր աշխարհում մի շարք երկրներ դեռևս պայքարում են այդ իրավունքի համար: 

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստանյութի կիրառումը: Իսկ ներկրված պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում «AstraZeneca-ի կլինիկական փորձարկման 3-րդ փուլի վերաբերյալ վերջին հայտարարության (03/25/2021) համաձայն, պատվաստանյութն ապահովում է՝ ախտանշանային COVID-19-ի կանխարգելում` 76% արդյունավետություն, հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքերի և հոսպիտալացման կանխարգելում՝ 100% արդյունավետություն, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում ախտանշանային COVID-19-ի կանխարգելում՝ 85% արդյունավետություն։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են բացառապես կամավորության սկզբունքով»,- գրված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Եվրոպական մի շարք երկրներ միառժամանակ սառեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության արտադրած վակցինայի կիրառումը, քանի որ գրանցվել են կողմնակի բացասական ազդեցության դեպքեր:

Նման  որոշումն են կայացրել Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան, ավելի վաղ AstraZeneca-ի կիրառումն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցրել են Իսպանիան, Դանիան, Բուլղարիան, Բալթյան երեք երկրները, Լյուքսեմբուրգը և Եվրամիության անդամ չհանդիսացող Նորվեգիան ու Իսլանդիան: Տեղեկությունը հայտնել է «Ազատությունը»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Հայաստան, AstraZeneca

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon