«Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է ավելի համապարփակ մոտեցում անվտանգության հարցերում»
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրապարակել է «EU Observer»-ում հոդվածը՝ «Հայաստանի ներդրումը ԵՄ Արևելյան գործընկերության հաջողություններում» վերնագրով, եւ անդրադարձել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում Հայաստանի դերակատարությանը եւ ակնկալիքներին։
Հոդվածը ներկայացնում ենք ստորեւ՝ ամբողջությամբ․
«ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակը հնարավորություն է տալիս գնահատելու ինչպես այսօրվա դրությամբ արձանագրված հաջողությունը, այնպես էլ` Եվրոպայում ավելի մեծ երկկողմ և բազմակողմ համագործակցությանն ուղղված հեռանկարները:
Արևելյան գործընկերության՝ որպես Եվրամիության արևելյան հարևան երկրների հետ ներգրավվածության հավակնոտ ջանքի առաջին տասնամյակն արժանացել է տարբեր մեկնաբանությունների ու ընկալումների ինչպես գործընկերների, այնպես էլ հենց Եվրամիության անդամ երկրների կողմից։
Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերությունը նաև նշանավորվեց Եվրոպական Միության և արևելյան վեց գործընկեր երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի զգալի մակարդակով: Այն զարգանում է որպես բազմակողմ հարթակ` խրախուսելու և խթանելու տարածաշրջանային համագործակցությունը ԵՄ հետ ներգրավվածության տարբեր ուղիներ և մակարդակներ ընտրած գործընկեր երկրների միջև:
Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի առանձնահատուկ հաջողությունը պայմանավորված է երեք հանգամանքով։
Առաջինը ԵՄ «տարբերակման» քաղաքականության հիման վրա Հայաստանի՝ որպես համագործակցության առավել ճկուն և ընդլայնված շրջանակներ փնտրող երկրի առանձնահատուկ դիրքի ճանաչումն ու ընկալումն է, որի մասին վկայում է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կնքումը:
2017թ. նոյեմբերին ստորագրված և Հայաստանի խորհրդարանի կողմից 2018թ. ապրիլին վավերացված Հայաստան-ԵՄ ՀԸԳՀ-ն հանդիսանում է Հայաստանի և ԵՄ միջև ընդլայնված և ռազմավարապես ամրապնդված գործընկերության հասնելու այլընտրանքային ուղի՝ Ասոցացման համաձայնագրի ձևաչափից դուրս: Ավելին, ՀԸԳՀ-ն սահմանում է հարաբերությունները զարգացնելու և խորացնելու, Հայաստանի քաղաքական և տնտեսական բարեփոխումներին ուղղված եվրոպական աջակցության, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման գործում Հայաստանի ներդրման հեռանկարային շրջանակ:
Արևելյան գործընկերության համար երկրորդ կարևոր նվաճումը Եվրոպայի և Հայաստանի միջև ընդհանուր արժեքների կարևորումն էր՝ հիմնված ընդհանուր քաղաքակրթական ժառանգության, ինչպես նաև կայուն ժողովրդավարության, ազատության, երկխոսության և համագործակցության փոխադարձ ձգտումների վրա: Սակայն համեմատաբար վերջին և առավել խոստումնալից զարգացումը երրորդն է՝ Հայաստանի յուրահատուկ ներդրումն Արևելյան գործընկերության հաջողության մեջ: Այս ներդրումը բխում է անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» հաջողությունից, որը որպես խաղաղ փոփոխության կարևոր հաղթանակ հաստատում է եվրոպական արժեքներն ու իդեալները:
Մեր տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխության նկատմամբ ոչ բռնի մոտեցումը միակ տարբերակն էր՝ ապահովելու անցումն արժանահավատ ժողովրդավարության, հաշվետվողականության և լավ կառավարման։ Հավատարիմ լինելով Հայաստանի անհատ քաղաքացու առաջնահերթության ու առաջնայնության վերականգնմանը` մենք կարողացանք նոր գլուխ բացել մեր քաղաքական պատմության մեջ՝ սահմանված հանրային ծառայությամբ, որն ուղղված է ազգային շահը սեփական շահերից վեր դասելուն, և որտեղ ընթացող բարեփոխումները դարձել են անշրջելի և անդառնալի։
Հայաստանը ձգտում է ամպրանդել իր հարաբերությունները Եվրոպայի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, շահերի և անվտանգության նկատառումների ճանաչման, ժողովրդավարական կառավարման և հաշվետվողականության նկատմամբ մեր պատասխանատվությունն ընդունելու վրա, միաժամանակ ակնկալելով ԵՄ աջակցությունը՝ մեր բարեփոխումների, կայուն զարգացման, մարդկային շփումների խթանմանը, այդ թվում՝ առանց մուտքի արտոնագրի տեղաշարժի, մշակութային, կրթական և գիտական փոխանակումների ապահովմանը` նպատակաուղղված օգտագործելու մեր ակտիվ և կրթված երիտասարդության ներուժը` որպես «փոփոխության գործակալների»:
Արևելյան գործընկերության առջև ծառացած առավել մեծ մարտահրավեր է իր ներուժի և կարողության ամրապնդումը` որպես տարածաշրջանային համախմբման, համագործակցության և կայունության ընդլայնման հարթակ` միաժամանակ դիմակայելով աշխարհաքաղաքական մրցակցությանը և առճակատմանը: Երկխոսությունը և համագործակցությունը շարունակում են մնալ հակամարտությունների խաղաղ կարգավորման, Եվրոպայում տևական խաղաղության և կայունության հաստատման շարժիչը և միակ ընտրությունը:
Ուստի հետադարձ հայացք նետելով Արևելյան գործընկերության տասնամյակին՝ ակնհայտ է, որ ինչպես ցանկացած տասնամյա կյանք ունեցող ծրագրի, սա ևս աճող, զարգացող ծրագիր է, որտեղ ԵՄ-ի հետ մեր երկկողմ օրակարգը ամրապնդելու խոստումն ու ներուժը մնում են հասանելի։
Եվ շարունակելով մեր երկրում առավել խոր ժողովրդավարության, արդար տնտեսական զարգացման և հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ մեր ճանապարհը` ընդգծում ենք Եվրոպայի աջակցության շարունակականության և հավաքական ջանքերի կարևորությունը` ամրապնդելու համագործակցության արդյունքները:
Զարգացման և ժողովրդավարության հետագա ինստիտուցիոնալիզացման համար Հայաստանը պետք է աշխատի ԵՄ-ի հետ` ընդլայնելու Արևելյան գործընկերության կարողությունները իրավունքի գերակայության, ժողովրդավարական հաստատությունների կայունության և մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման ապահովման ուղղությամբ։ Արևելյան գործընկերության տարածքում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության խթանման առաջնահերթությունների արժեզրկումը կխոչընդոտի և անդառնալի վնաս կհասցնի ԱլԳ հայեցակարգին և արժեքահեն հարաբերություններին:
Ակնկալում ենք նաև առավել մեծ անվտանգություն Արևելյան գործընկերությունից փոխկապակցվածության առանցքային ոլորտներում: Այս առումով որպես տարածաշրջանային փոխկապակցվածության դրական օրակարգի մի մաս ԵՄ-ն կարող է առանցքային դեր խաղալ գործընկերների հետ և գործընկերների շրջանում առավել ներառական տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի ստեղծման և մշակման գործում:
Հայաստանը նաև ակնկալում է ԵՄ-ից և Արևելյան գործընկերությունից ավելի համապարփակ մոտեցում անվտանգության հարցերում, այդ թվում ներգրավվածության արժեքահեն քաղաքականության որդեգրում՝ աջակցելով մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պահպանմանը: Օրինակ՝ կայուն աջակցությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) բնակչության ինքնորոշման կենսական իրավունքին և հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային հանրության մանդատը վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում փորձարկում է մեր գործընկերների հետևողականությունը մեր տարածաշրջանում իրական խաղաղության աջակցման և մեր ժողովուրդների կենսական անվտանգության հարցերի հանդեպ զգայունության հարցերում: Այս սկզբունքները և դիրքորոշումները վերահաստատված են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում:
Օգտվելով տասնամյա այս հոբելյանի առիթը` Արևելյան գործընկերության հաջողությունը ողջունելու և հարատև խոստումը ազդարարելու համար՝ Հայաստանը հանձնառու է մնում հետագա տաս տասնամյա հաջողություններում իր ներդրումն ունենալուն, հանձնառություն, որը միայն ամրապնդվել է Թավշյա հեղափոխության մեկամյակով»։