Հայտարարություն Զարուհի Բաթոյանի նկատմամբ խտրականության և ատելության խոսքի տարածման վերաբերյալ
Ներքոստորագրյալ կազմակերպությունները խիստ մտահոգված են վերջին շրջանում որոշ խմբերի և անհատների կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նկատմամբ իրականացվող շարունակական և նպատակաուղղված թիրախավորմամբ և դատապարտում են հաշմանդամության և սեռի հիմքով խտրականության և ատելության հրահրումը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավարի հանրային և անձնական գործունեությունից, խոսքից և մոտեցումներից առանձնացվում են երեխաների սեռական կրթության, հաշմանդամություն ունեցող անձանց անձնական կյանքի իրավունքի, հասարակության կրթության և առողջ հարաբերությունների վերաբերյալ արտահայտությունները և խեղաթյուրվում՝ արժեզրկող և մարդկային արժանապատվությունը նվաստացնող ոճով։ Զարուհի Բաթոյանի հանդեպ խտրականացնող և վտանգավոր խոսքի դրսևորումներն ուղեկցվում են անգամ վերջինիս հաշմանդամություն ունենալու փաստը կասկածի տակ դնելով, ինչը վկայում է սայլակով տեղաշարժվող անձանց տարբեր աստիճանի շարժունակություն ունենալու մասին պարզ գիտելիքների բացակայության կամ միտումնավոր անտեսման և վարկաբեկման մասին:
Կնատյաց և սեռականացված բառապաշարով Տիկին Բաթոյանի թիրախավորումը վկայում է մեր երկրում սեռով և հաշմանդամությամբ պայմանավորված խտրականության խորը արմատավորված խնդրի և խտրականության դեմ ուղղած գործողությունների անբավարար մակարդակի մասին: Սակայն հարկ է նշել, որ այս և նմանատիպ ատելության քարոզարշավները որպես շղարշ են օգտագործվում քաղաքական նպատակների իրագործման համար: Այսպիսի քաղաքականությունը մերժելի է Հայաստանում և անընդունելի է ժողովրդավարական հասարակության մեջ, իսկ անձի արժանապատվությունը նվաստացնող և բարի համբավը արատավորող խոսքը պատժելի է օրենքով: Այս արշավը ուղղորդող խմբերի կողմից նման շեշտադրումների շահարկումն ինքնին վկայում է տիկին Բաթոյանի կողմից բարձրաձայնվող հարցերի վերաբերյալ հասարակության իրազեկման և կրթության կարիքի մասին։
Ներքոստորագրյալներս մեր զորակցությունն ենք հայտնում Զարուհի Բաթոյանին և հաստատում մեր աջակցությունը Հայաստանում սոցիալական և աշխատանքային իրավունքների, հակախտրական պետական քաղաքականության և ներառական զարգացմանն ուղղված քայլերի իրագործման գործում:
- «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
- «Աստղացոլք» ՀԿ
- «Զարգացման նախաձեռնություններ» սոցիալ-տնտեսական ՀԿ
- Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
- «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
- «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
- «Լիարժեք կյանք» ՀԿ
- «Լռության ձայն» ՀԿ
- Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
- «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
- «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
- «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
- «Հայկական ճամբար» ՀԿ
- «Հասարակություն առանց բռնության» ՀԿ
- «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- Մարդու իրավունքների տուն Երևան
- «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
- «Մենք կարող ենք» ՀԿ
- «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ
- «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
- «Սկարպ» ՀԿ
- «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Հայտարարությունը բաց է միանալու համար: